Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/506

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«ավազակների» բնակարանի մոտ, տեսնենք՝ նրանց տնակը այրված էր, ոչ ոք չկար այնտեղ։ Երբ հետ դարձանք, անտառում պատահեց մեզ մի խոզարած. նա պատմեց, թե ի՛նչ էր պատահել։ Երբ հայրդ լսեց նրա պատմությունը, իսկույն թուլացավ և ցած ընկավ։ Ես և խոզարածը հազիվ կարողացանք նրան ուշի բերել և հասցրինք մինչև խրճիթը։ Նույն գիշերը նա սաստիկ ջերմի մեջ էր. առավոտյան նրա մարմինը գտանք բոլորովին սառած։ Ես և պառավը թաղեցինք նրա մարմինը խրճիթից ոչ այնքան հեռու մի ծառի տակ։ Հիշո՞ւմ ես այն եղևնին, որ դու մինչև նրա մոտ էիր թույլ տվել ինձ հեռանալ խրճիթից։

— Հիշում եմ...,— պատասխանեցի ես բոլորովին մեքենաբար։

— Այնուհետ և ես վճռեցի գալ քո ետևից և որոնել քեզ։ Ես հիմա ամեն տեղ կգնամ, ես հիմա էլ չեմ վախենում։ Պառավը ինձ չէր ուզում թողնել, ասում էր՝ մնա ինձ մոտ, աչքիս լույսի նման կպահեմ քեզ։ նա ինձ շատ էր սիրում. նա քեզ էլ շատ էր սիրում, այնքա՜ն լաց էլավ որ...։

— Ինչո՞ւ չմնացիր նրա մոտ։

— Քեզ ի՞նչպես թողնեի...։

— Ես մի օր կվերադառնայի, քեզ դարձյալ կգտնեի մենք դարձյալ միասին կլինեինք...։

— Չէ, ես գիտեմ, ես բոլորը գիտեմ... այնտեղից, ուր քեզ պիտի ուղարկեն, մարդիկ էլ չեն վերադառնում...։

— Այդ դու ո՞րտեղից գիտես։

— Ես երեկ դատարանի դռանը կանգնած էի․ ինձ չթողեցին, որ ներս մտնեի, այնտե՛ղ էլ ասում էին, թե ես խելագար աղջիկ եմ...։ Դրսում հարցրի, ինձ պատմեցին բոլորը...։

Ես չգիտեի ի՞նչ անել նրա հետ, ի՞նչ խորհուրդ տալ, ես չունեի այս աշխարհում մի բարեկամ անգամ, որի պաշտպանությանը հանձնեի այդ անբախտ աղջկան։ Ես առանց երկար մտածելու կրկին ասացի նրան.

— Դու դարձյալ գնա պառավի մոտ, այնտեղ սպասիր ինձ։ Նա բարի կին է. նա կպահե քեզ։ Ո՞վ է իմանում, գուցե աստված կհաջողի, մի օր վերադառնամ քեզ մոտ...։

— Ես քեզանից չեմ բաժանվի։

— Դու խո գիտես, թե ինձ ո՛րտեղ պիտի ուղարկեն։

— Գիտեմ։ Ես էլ կգամ քեզ հետ։

Սույն միջոցին բանտի վերակացուներից մեկը ներս մտավ, հրամայեց Նենեին հեռանալ։