Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/507

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ես այստեղ պետք է մնամ։

— Այստեղ հյուրանոց չէ, օրիորդ,— պատասխանեց վերակացուն դառն ժպիտով։

— Ես դրան մենակ չեմ թողնի։

— Բավական է որքան միասին եք եղել...։

— Մի տարուց ավել չէ, որ մենք ճանաչում ենք միմյանց։

— Ցավում եմ, որ այդքան կարճատև է եղել ձեր սերը...: Այսուամենայնիվ, պետք է հեռանաք, նազելի օրիորդ։

Լսելով վերակացուի վերջին հեգնությունը, արյունս բորբոքվեցավ։

— Եթե դու կշարունակես այդպես վիրավորել մի պատվավոր աղջկա, ես քո գլուխը կջարդեմ։

— Մտածի՛ր, թե ո՛րտեղ ես գտնվում... այստեղ քո բնակած անտառները չեն․․․,— պատասխանեց նա սառնությամբ։

— Պարոն վերակացու,— մեջ մտավ Նենեն,—մի՞թե դու քույր չունես, մայր չունես, միթե դու չե՞ս հասկանում կնոջ սիրտը։ Ինչո՞ւ ես հալածում ինձ։ Իմ Մուրադը վատ մարդ չէ. նա իմ կյանքը ազատեց մի եղեռնագործի ձեռքից... այն օրից ես սիրում եմ նրան...։

— Ես այդ հասկանում եմ...— պատասխանեց վերակացուն ավելի կոպտությամբ։— Բայց բանտի մեջ չեն սիրում...։ Ձեզ թույլ տվեցին մտնել այստեղ պարոն բժշկապետի խնդրելով։ Բավական է, որքան տեսնվեցաք, որքան խոսեցիք։ Ասում են ձեզ, որ հեռանաք այստեղից, եթե չկամեիք, որ ձեզ դուրս քաշեին։

Նենեն ավելի կամակորեցավ։

— Ես կմնամ այս բանտում։

— Ես ձեզ խրատ կտայի, որ գժատանը մնայիք։

— Անգութնե՜ր... բոլորը այդպես են խոսում... ես ի՞նչով եմ գիժ...,— բացականչեց Նենեն արտասուքը սրբելով։

Վերակացուն ուշադրություն չդարձրեց, կանչեց մի զինվոր, նրան դուրս քաշեցին, և բանտի դռները կրկին կողպվեցան։ Ես մնացի մենակ։ Մի քանի րոպե լսելի էր լինում նրա ճիչը, աղաղակը, և շուտով նրա ձայնը անհետացավ բանտի խուլ, գերեզմանական լռության մեջ։

Սարսափելի դրություն։ Քո սիրած էակին հալածում են, վիրավորում են և դու սառն աչքով պիտի նայես այդ անիրավության վրա և լռես։ Միթե ա՞յդ է նշանակությունը այն խոսքերի, որ կարդացին ինձ դատարանում. «զրկել ամեն իրավունքներից»...։