Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/508

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ի՞նչ պետք է լինի խեղճ աղջկա վերջը,— ահա այդ էր ինձ տանջող միտքը, երբ դարձյալ մնացի մենակ, երբ սպանվածի նման տարածվեցա իմ կալարանի խոնավ հատակի վրա։

Ը

ԳԱՆԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Լինում են այնպիսի րոպեներ, որ մարդ իրան բոլորովին մոռանում է։ Ես մինչ այն աստիճան զբաղված էի Նենեի վիճակով, որ ամենևին չէի հիշում, որ մոտենում է այն սարսափելի օրը, երբ ես պետք է կրեի մահվան տանջանքների առաջին փորձը։— Ինձ, բացի մշտական աքսորից, վճռել էին երկուհարյուր մտրակի հարվածներ։

Այն ժամանակ դեռ տիրում էր այդ օրենքը, որ դատապարտյալին նախքան աքսորելը ենթարկում էին մարմնական գանահարության։ Ինչ սոսկալի բան է դահճի մտրակը։ Կարծես թե ֆուրիաները առաջին անգամ դժոխքից դուրս գալով, սովորեցրին մարդիկներին այնպես տանջել իրանց նմաններին։ Ջարդել, խեղաթյուրել, անդամալուծել և ամեն զորությունից զրկել մարմինը մի թշվառականի,— ահա այդ է այն մտրակի նպատակը, որպեսզի նրան սպասող դառն աշխատությունները հանքերի մեջ ավելի սպանիչ լինեն։ Եվ այդ բոլորը կատարվում էր չարագործներին ուղղելու նպատակով։

Բայց չարագործները չէին ուղղվում։ Ես տեսնում էի որքան խիստ էր լինում նրանց պատիժը, որքան չարաչար կերպով վիրավորվում էր նրանց անձնասիրությունը, այնքան ավելի համառ էին դառնում նրանք, այնքան ավելի կամակորում էին իրանց մոլորությունների մեջ։ Եվ այդ շատ բնական էր։ Հանցավորը մտրակների հարվածների ներքո, փոխանակ զղջալու, արձակում էր կծու հայհոյանքներ, անեծք և ավելի ոչինչ։

Կյանքի մեջ, իմ անձնական փորձերով, ես հասա այն համոզմունքին, որ ամենավայրենի գազանը անգամ ազնվանում է, ընտելանում է ավելի խաղաղ կյանքի այն ժամանակ միայն, երբ նրան սիրում ես, փայփայում ես, երբ նրան չես վիրավորում։

Իմ ընկերների մասին նույնպես վճռել էին աքսոր և գանահարություն։ Բայց նրանց պատիժը ավելի թեթև էր, քան թե իմը, երևի նրա համար, որ նրանք ամեն ինչ ուրացան, ճշմարտապես