Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/509

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չխոստովանեցան իրանց մեղքերը, բայց ես ոչինչ չծածկեցի, բոլորը հայտնեցի։

Այդ նախատեսեց քավոր Պետրոսը. նա ավելի փորձված մարդ էր, քան թե ես։ Եվ զգուշացնում էր ինձ ուրանալ, ոչինչ չխոստովանել, որովհետև դրանով ավելի կհեշտացնի դատավորների գործը, իմ մասին սաստիկ վճիռ տալու։ Այնպես էլ եղավ։ Բայց իմ խիղճը հանգիստ էր, որ գոնե իմ դատապարտության րոպեում սուտ չխոսեցի։

Վերջապես հասավ սարսափելի ճգնաժամը։

Քաղաքի բազմությունը խումբերով դիմում էր դեպի պատժարանը։ Նրանք շտապում էին հանդիսատես լինելու մի սոսկալի գործողության։ Զարմանալի հետաքրքրություն ունի ամբոխը. նրան միօրինակ զվարճություն է պատճառում թե՛ քաղցր երաժշտության ներդաշնակությունը և թե՛ դատապարտյալի դառն հառաչանքները դահճի գանահարության ներքո։

Ամեն ինչ պատրաստ էր սոսկալի հանդեսը սկսելու համար։

Իմ ընկերները բավական քաջությամբ տարան իրանց փորձությունը, կարծես թե նրանց համար շատ սովորական լիներ այդ։ Ես մինչև հիսուներորդ զարկը անցա առանց մի ձայն հանելու, առանց իմ դեմքն անգամ այլայլելու։ Մի այսպիսի արհամարհական վարմունք իմ կողմից վիրավորեց դահիճների անձնասիրությունը, գրգռեց նրանց բարկությունը. և նրանք խստացրին հարվածների սաստկությունը։ Նույն րոպեում նրանց անգութ երեսները կարծես ասում լինեին ինձ. «մենք ծեծում ենք, որ ցավեցնենք քեզ, երբ դու ցավ չես զգում, դրանով վիրավորում ես մեր կատաղությունը»։

Բազմությունը վայրենի ոգևորությամբ նայում էր։ Հանկարծ նրանց ուշադրությունը դարձավ մի այլ առարկայի վրա։ Ամբոխի միջից լսելի էր լինում մի ցավալի հառաչանք։ «Մարդիկ, ինչու՞ եք կանգնած... մի՞թե դուք աստված չունեք... սպանու՜մ են... սպանու՜մ են... ազատեցե՜ք... աղաչու՜մ եմ... ազատեցե՜ք... Մուրադ, սիրելիս... ա՜խ, սպանում են... մարդի՜կ, դուք չե՜ք տեսնում... դուք չե՜ք լսում... սպանում են... ազատեցե՜ք...։ Ինչու՞ են սպանում... նա ավազակ չէ... նա բարի մարդ է... նա ինձ սիրում էր... նա իմ կյանքը ազատեց...։ Մարդիկ, ինչու՞ չեք լսում...։ Ա՜խ, աստված... չեն լսու՜մ... ամենքը խլացել են»...։

Այն սարսափելի րոպեում, երբ մինը մյուսի ետևից հաջորդաբար շառաչում էին մտրակների զարկերը, երբ արյան կաթիլները դուրս էին ցայտում իմ մերկ մարմնից— այդ մահվան տագնապի