Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/512

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երանի՜ թե միշտ ձեր հասարակության մեջ մնայի։ Դուք այնքան բարի էիք և ազնիվ, ես ցավում եմ, որ կորցրի ձեզ, որ զրկվեցա ձեզանից...։

Մորս վիճակը, վարպետիս թշվառությունը, ազգականներիս հալածանքը, որոնք բոլորը չարչարվում էին տեղային զանազան օրինազանցությունների պատճառով, բաժանեցին ինձ իմ մանկահասակ ընկերների հասարակությունից։ Ես վերադարձա դեպի իմ հայրենական օջախը, օգնելու նրանց, որոնք իմ պատճառով հալածանքի էին ենթարկված...։

Այդ ժամանակ կրկին դուրս է գալիս իմ առջև չար դևը բարեպաշտ մարդու կերպարանքով, առաջարկում է ինձ յուր հովանավորության ձեռքը։ Ես կրկին խաբվում եմ... կրկին մոլորության մեջ եմ ընկնում...։

Նա համոզում է ինձ, թե հայրենիքի համար ես մի խորթ որդի էի դարձել, թե պետք է թողնել հայրենիքը և օտար երկրներում բախտ որոնել։ Նա խոստանում է և առաջնորդել ինձ...։

Մայրս, տխուր հանգամանքներից ստիպված, հանձնում է ինձ իմ նենգավոր մենտորի ձեռքը։ Ես թողնում եմ իմ հայրենի երկիրը, որը այնքան լավ և վատ հիշատակներով կապված էր իմ սրտի և հոգու հետ։ Ձեռք եմ առնում պանդխտության գավազանը։ Այդ տխուր, ցավալի զգացմունքներով լի անջատման րոպեում, որպես մխիթարիչ հրեշտակ, հայտնվում է իմ սիրո առարկան — Սառան։ Նա յուր կուսական համբույրներով կնքում է մեր ուխտը, խոստանում է մինչև իմ վերադարձը սիրել և սպասել ինձ...։

Աղքատությունը մղում է ինձ հեռու և հեռու, դեպի անծանոթ երկիրներ։ Ինձ, բոլորվին անփորձ և միամիտ պատանիիս, առաջնորդում է մի հոյակապ մարդ, մի վիթխարի չարագործ, եփված և թրծված կյանքի քուրայի ամեն փորձությունների մեջ։ Իմ բնական ձիրքերով հարուստ ընդունակությունը խիստ պտղաբեր հող է դառնում իմ առաջնորդի ձեռքում։ Շուտով նրա ցանքը ընծայում է առատ և արդյունավոր հունձք, մի հունձք, ոռոգված բազմաթիվ զոհերի արյունով և արտասուքով...։ Բոլորովին անմեղ և բարեսիրտ պատանին, դա՜ռն հանգամանքների շնորհիվ, վերջապես դառնում է մի սարսափելի եղեռնագործ...։

Եվ ես տեսնում էի ինձ, որպես մի քարաժայռ, դուրս կտրված ահագին լեռան բարձրությունից, գլորվում է, գլորվում է դեպի ցած, դեպի անդունդը...։ Հանկարծ մթին անհայտությունից երևան են գալիս երկու ձեռքեր, աշխատում են կանգնեցնել գլորման արագ և