Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/514

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ակնոցավոր երիաասարդը։ Ես ճանաչեցի, դա բժիշկն էր։ Երևում էր նա, երկար լսում էր իմ բացականչությունները։

— Ի՞նչ եղավ նա․․․,— հարցրի ես, դեռ ոչ բոլորովին սթափվելով իմ խռովությունից։

— Ո՞վ,— հարցրեց երիտասարդը ժպտելով։

— Նա... այն աղջիկը․․․ Նենեն.․․ որ հիմա այստեղ էր․․․։

— Հա՛, իմանում եմ․․․,— պատասխանեց նա խորհրդավոր ձայնով,— նա գնաց, խոստացավ, որ շուտով կվերադառնա․․․։

— Այո՛, նա կվերադառնա, նա ինձ չի թողնի․․․,— կրկնեցի ես ուրախանալով։

Երիտասարդ բժիշկը, որ մինչև այժմ ոտքի վրա էր, նստեց իմ մահճակալի մոտ և կարեկցաբար նայում էր իմ վրա։ Երբ նկատեց, որ ես փոքր-ինչ հանգստացա, հարցրեց.

— Ո՞վ է այն աղջիկը։ Ես պատմեցի, թե նա որբ ցիգանուհի է, պատմեցի, թե ի՛նչպես ընկած էր չարագործների ձեռքը, որոնք վճռել էին սպանել նրան, պատմեցի, թե ո՛րպես ինձ հանդիպեց նա անտառում, ո՛րպես ազատեցի նրա կյանքը և այնուհետև կապվեցավ ինձ հետ։

Երիտասարդ բժիշկը հետաքրքրությամբ լսում էր։ Ես նկատեցի նրա դեմքի վրա ցավակցության նշաններ։ Մխիթարվեցա, տեսնելով, որ աշխարհում կան մարդիկ, որոնց մեջ չեն մեռած ազնիվ զգացմունքները, որոնք կարող են խղճալ անբախտության վրա։

Բժիշկը, այդ մարմնավոր խոստովանահայրը, միակ մարդն է, որ նայում է դատապարտյալի վրա որպես մարդու վրա։ Նա միակ մարդն է, որի հետ կարելի է անկեղծ կերպով խոսել։ Այդ պատճառով ես պատմեցի նրան բոլորը, ինչ որ ծանրացած էր իմ սրտի վրա, ինչ որ տանջում էր ինձ։ Պատմեցի այն երազը, որ մի քանի րոպե առաջ պատկերանում էր ինձ, և ներկայացնում էր իմ կյանքի ճիշտ նկարագիրը, յուր բոլոր պայծառ և մռայլ գույներով։ Պատմեցի, թե ո՛րպես անգիտակցաբար, փոքր առ փոքր շեղվելով ուղիղ ճանապարհից, անմեղությունից վերջապես ընկա անբարոյականության մեջ։ Նա գլուխը խոնարհեցրած լսում էր։ Հետո իմ խոսքը կտրեց, ասելով.

— Այդ բոլորը ես գիտեմ․․․։

— Ո՞րտեղից գիտեք։

— Նայեցեք իմ վրա, ծանո՞թ է ձեզ իմ դեմքը։

— Կարծես մի տեղ տեսած լինեմ ձեզ։

— Քննիչի մոտ։ Ես այն օրը ներկա էի, երբ դատարանում