Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/517

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուժաթափ լինել հանքերում տաժանական աշխատություններով,— այդ բոլորը այնպիսի տանջանքներ են, որոնց մարդը, միայն դատապարտված մարդը կարող է դիմանալ։

Բայց մի բան, որին չէ դիմանում նա, որի առջև փշրվում են նրա բոլոր զորությունները, դա է սիրած աղջկա արտասուքը․․․։

Ահա դարձյալ հայտնվեցավ նա․․․։ Մազերը խառնված, լի կատաղի վրդովմունքով, որպես մի խելագար հրեշտակ հայտնվեցավ նա․․․։ Ա՜խ, ո՛րքան սարսափելի է նրա զայրացած դեմքը․․․։

Նա աշխատում է մոտենալ ինձ․․․ զինվորները հեռացնում են․․․ նա դարձյալ առաջ է նետվում․․․ նա չէ վախենում սվիններից․․․ Ահա բռնեցին նրան․․․ նա կրկին դուրս պրծավ նրանց ձեռքից․․․ վազում է դեպի ինձ․․․․ արգելում են․․․։ Ահա նա խլեց զինվորներից մեկի հրացանը․․․ մուխը բարձրացավ․․․ հրացանը գոռաց․․․։ Բայց զարկեցին նրան․․․․ նա ընկավ․․․ էլ չէ վեր կենում․․․։

«Դա այն ցնորված աղջիկն է», լսելի եղավ ամեն կողմից։

Իմ աչքերի առջև մթնեց, ես այլևս ոչինչ տեսնել չկարողացա, միայն զգում էի հրացանների կոթերի հարվածը, որով քշում էին ինձ դեպի իմ դատապարտության օթևանը․․․։

Ժ

ՆՐԱՆ ԳՐԵՑԻՆ ՄԵՌԱԾՆԵՐԻ ԹՎՈԻՄ

Աքսորականների խումբը, որոնց հետ ես ուղևորվեցա, բաղկացած էր տասն և երեք հոգուց, նրանց մեջ էին և իմ ընկերները։

Մինչև վերջին իջևանը հասնելը ես մինչ այն սատիճան խռովության մեջ էի, որ ամենևին չնկատեցի, թե մեր ընկերներից մեկը պակաս էր, այն ևս մեր գլխավորը՝ քավոր Պետրոսը։

Մենք հասանք իջևանը, երբ դեռ նոր էր մտնում արևը։ Այդ մի արքունի շինվածք էր փոստային կայարանի մոտ, մարդկային բնակությունից հեռու, առանձնացած անապատի մեջ։ Այնտեղից դուրս եկավ մի ստոր աստիճանավոր և ընդունեց մեզ։ Մենք այժմ մարդ լինելուց դարձել էինք իրեր, նշանակված նոմերներով։ Նայեցին մեր նոմերներին, ստուգեցին թվերը և ապա ածեցին մի նեղ նկուղի մեջ։

Գիշերը մեզ բաժանեցին մի-մի կտոր սև հաց և խմելու ջուր տվեցին։ Ընկերներս սկսեցին ընթրիք անել, բայց ես ոչինչ ուտել