Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/519

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դրությունը և մի օր ասում է նրան.— «պարոն բանտապահ, ես ցանկանում եմ մի փոքրիկ ծառայություն անել ձեզ»։— Ի՞նչ ծառայություն,— հարցնում է բանտապահը։— «Դուք, կարծեմ, փողի դժվարության մեջ եք, ես կարող եմ օգնել ձեզ»։

Այս տեսակ սրախոսություններ կալանավորների և բանտապահի մեջ այնքան սովորական են, որ վերջինս ոչ միայն չի վիրավորվում, այլ շատ հետաքրքրվում է, թե քավոր Պետրոսը ո՞րքանով կարող է օգնել իրան։ — Ո՞րքան է ձեզ հարկավոր, — հարցնում է քավոր Պետրոսը։ — «Երկու հազար ռուբլի», — պատասխանում է բանտապահը։ Քավոր Պետրոսը խոստանում է վճարել նրան այդ գումարը։

— Ինչո՞վ կարող եմ երախտամատույց լինել ձեր այդ օգնության համար,— հարցնում է բանտապահը։

— Ինձ ազատելով բանտից,— պատասխանում է քավոր Պետրոսը։

— Ձեզ համար վճռված է ցմահ աքսոր։

— Այդ ես գիտեմ։

— Ձեզ կպահանջեն ինձանից։

— Այդ էլ գիտեմ։

— Ի՞նչ կարող եմ պատասխանել։

— Ձեր պատասխանը ես մտածել եմ, մի շատ հասարակ բան է.

— Ո՞րպես։

— Ինձ կգրեք մեռածների ցուցակի մեջ, կասեք՝ հիվանդանոցում մեռավ, տարան թաղեցին։

— Դրա համար զանազան պաշտոնական ձևեր են պահանջվում։

— Մատյանների մեջ հեշտ է շինել այդ ձևերը։ Միթե սակա՞վ մարդիկ անհետանում են հիվանդանոցներում և նրանց մասին բնավ հարցուփորձ չէ լինում։ «Մեռա՜վ»... և դրանով վերջանում է ամեն բան։

— Այսուամենայնիվ, մի դիակ պետք է դնել ձեր տեղը։

— Հիվանդանոցի մառանի մեջ անտեր դիակներ խո շատ կան, ընտրեք նրանցից մեկը։

Երիտասարդի պատմությունը խիստ հետաքրքրական էր ինձ համար։ Իրավ, շատերը կորչում էին այդ հիմնարկությտն մեջ։ Մեռածների դիակները չէին արժանանում մինչև անգամ թաղման, նրանց կտրտում էին, այլանդակում էին և ձգում էին մեծ գետի մեջ, որ հոսում էր հիվանդանոցի մոտով։ Բանտը և հիվանդանոցը միևնույն շինվածքի մեջ էին։