Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/520

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դատաստանական վերանորոգություններից առաջ սարսափելի զեղծումներ էին կատարվում բանտերում, և շատ զարմանալի չէր, որ քավոր Պետրոսի նման մի մարդ կարողացել էր այդ խորամանկությամբ դուրս պրծնել բանտից։ Իմ երիտասարդ ընկերը պատմեց ինձ մի ուրիշ դեպք, որ ոչ սակավ հետաքրքրական էր։

— Տեսնո՞ւմ ես այդ մարդուն,— ասաց նա,— որ կծկված, կոլոլված նիրհում է այն անկյունում,— այդ ողորմելին նույնպես զեղծումների մի անմեղ զոհ է։

Ես նայեցի դեպի այն կողմը, տեսա մի նիհար մարդ, գունաթափ դեմքով, խորին թմրության մեջ նստած էր անկյունում։ Գիշերվա տխրությունը փարատելու համար ես մեծ հոժարությամբ սկսեցի լսել երիտասարդի տեղեկությունները այդ թշվառ աքսորականի մասին։ Նա գիտեր բավական ճշտությամբ նկարել մարդկանց պատկերը։

— Այդ ողորմելի արարածը,— ասաց նա,— որին կոչում են Սիդոր Սիդորիչ, որի հետ ես խիստ մոտ ծանոթացա, այն տեսակներից է, որոնք ոչ միայն զրկված են մարդկային ընդունակություններից, այլ կյանքի տխուր պայմանները խլել են նրանից և այն սակավ ընդունակությունները, որ ստացել են բնությունից։ Դա մի ատենական տեղի ստոր ծառայող է եղել, գրագրի պաշտոն է կատարել։ Հարատև կյանքը գրասեղանի մոտ բոլորովին բթամտացրել է դրան, իսկ արաղի անչափ գործածությունը լրացրել է պակասը։ Նրան արտաքսել են ծառայությունից և չձանձրանալու համար սկսել է ավելի անձնատուր լինել արաղին։ Բայց Սիդոր Սիդորիչը խիստ խաղաղ և հանգիստ արբեցող է եղել։ Գինետնից դուրս գալուց հետո փողոցներում շրջելու և մարդկանց անհանգստացնելու սովորություն չէ ունեցել Սիդոր Սիդորիչը։ Նա ուղիղ կդիմեր դեպի յուր տունը և ամբողջ օրը կներկայացներ մեկը այն անշարժ կարասիներից, որ վառարանի մոտ անպակաս են լինում։ Նա կնստեր այնտեղ, կամ կնիրհեր, կամ կհորանջեր, մոռանալով իրան մի առանձին անհոգ, անզբաղ ապշության մեջ։ Կինը նրան հանդիմանում է, հայհոյում է, բայց Սիդոր Սիդորիչը ոչինչ չէ պատասխանում։ Միայն հիմար կերպով ժպտում է, գլուխը քաշ է գցում և խուլ կերպով մրթմրթում է մի քանի անորոշ խոսքեր։ Կինը այն ժամանակ միայն կարող էր նրան դուրս գցել, երբ պետք էր սենյակը մաքրել և փոքր-ինչ կարգի բերել։ Այդ միջոցին Սիդոր Սիդորիչը կնստեր դռան մոտ, արևի ճառագայթներով կտաքանար։ Իսկ երբ սենյակը մաքրեցին, նա դարձյալ վառարանի մոտ էր։