Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/523

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԺԱ

ՓԱԽՈՒՍՏ

Սիրի՜ր․․․։

Սարսափելի ճանապարհորդություն է հարյուրավոր մղոններ անցնել շղթայակապ ոտներով։ Որքան հեռանում ես դեպի հյուսիս, ազգաբնակություններ հետզհետե նոսրանում են, և այնուհետև դատարկ և ձյունապատ անապատներին վերջ ու սահման չկա։ Խիստ հազիվ են պատահում փոքրիկ քաղաքներ, որոնք ավելի նման են մեծ գյուղերի։ Նրանց բնակիչները այն աստիճան սովորած են հաճախ աքսորականների խումբեր տեսնել, որ հենց լսում են շղթաների հնչյուններ, տներից դուրս են թափվում, սառնասրտությամբ նայում են նրանց վրա և ցույց են տալիս իրանց երեխաներին։ Ոմանք տալիս են թշվառականներին մի կտոր հաց կամ մի քանի գրոշներ։

Միշտ տխուր և միատեսակ է շրջապատը։ Նույն անվերջ անապատները ամեն օր տարածվում են քո առջև, նույն մառախլապատ հորիզոնը ամեն տեղ միախառնվում է սպիտակ սավանի պատած տափարակների հետ, նույն ցուրտ, խոնավ և մթին իջևանները սպասում են քեզ ճանապարհների վրա, և շատ տեղ հանդիպում ևս պաշտոնակատարների կոպիտ, անխիղճ վարմունքին։ Ամեն տեղ, կայարաններում նույնպես համբարքով ստանում են, ճանապարհ են գնում թշվառականների խումբը։ Գնում ես, գնում ես... անցնում են օրեր, շաբաթներ, ամիսներ... օրըստօրե ուժաթափ ես լինում։ Նվաղում ես, թուլանում ես, բայց չգիտես, թե ե՞րբ պետք է տեղ հասնես...»

Երբեմն երևում են քեզ մարդիկների երեսներ, սառն և անմիտ, որպես ինքը եղանակը։ Ոտքից գլուխ հագնված մորթերի և մուշտակների մեջ, այդ գռեհիկները հազիվ որոշվում են թավամազ արջերից, որոնք շատ անգամ ծույլ և դանդաղ կերպով անցնում են դատապարտյալների խումբի մոտով և, մի առանձին հեգնական հայացք ձգելով նրանց վրա, կարծես, ուզում են ասել «մենք ավելի բախտավոր ենք, քան թե դուք»։

Ցո՛ւրտ է։ Ամեն արարած այստեղ մրսում է, սառչում է, քարանում է։ Երկիրը զուրկ է լույսից և ջերմությունից։ Կարծես արևն էլ այստեղ մրսում է, կարծես նա էլ մուշտակ ունի հագած։ Նրա գունաթափ դեմքը շատ չէ որոշվում նույն գռեհիկների, նույն արջերի