Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/524

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երեսներից։ Նրա ճառագայթները կորցնում են իրանց զորությունը ընդհանուր սառնության մեջ։

Մեռած բնությունը բոլորովին ուրիշ կերպարանք է ստանում, երբ հանդիպում ես անտառների։ Այստեղ երևում է կյանք, բուսական թշվառ կյանք։ Տարվա այն եղանակում, երբ մեզ մոտ ծառերը բեռնավորված են զանազան տեսակ անուշ պտուղներով, երբ խաղողը մեղրի համ է ստանում մեր այգիներում,— այստեղ սառը քամին փչում է, ծառերի ճյուղերը սարսափելով տատանվում են, ցած են խոնարհվում, դալկացած տերևները խշխշալով թափվում են, և նրանց տխուր հառաչանքներից դու որոշում ես այս խոսքերը՝ «տե՛ս, մենք էլ աքսորված ենք այդ երկրում»։ Եվ իրավ, բնության խստությունը մինչև այն աստիճան ճնշել է այդ ողորմելի արարածներին, որ նրանք ազատ կերպով աճել և զարգանալ կարող չեն։ Որքան առաջ ես գնում, ծառերի աճելության ուժը պակասում է, պակասում և նրանք հետզհետե փոքրանալով, բոլորովին մանրանում են, մինչև թզուկ թուփերի կերպարանք են ստանում։

Ամեն ինչ այստեղ մոտ է երկրին, ամեն ինչ թեքված, խոնարհված է դեպի ցած։ Լեռները և բլուրներն անգամ չեն համարձակվում իրանց գագաթները շատ վեր բարձրացնել, կարծես նրանց վրա ևս մի բան ճնշում է։ Եվ երկրի ընդարձակ տարածությունը ստանում է տափակ, հարթ-հավասար կերպարանք, ձևացնում է մի անսահման անապատ։

Չնայելով եղանակների խստությանը, չնայելով մեր ուղևորության սպանիչ ազդեցությանը, իմ ընկերները դարձյալ չէին կորցնում իրանց զվարթությունը։ Նրանք իրանց սովորության համեմատ հանաքներ էին անում, ծիծաղում էին և շատ տեղ իջևաններում անձնատուր էին լինում արբեցության։

Այդ երկրում լույսի և ջերմության պակասությունից մարդը միշտ ցուրտ է զգում և ցո՛ւրտ։ Պետք է մի բանով տաքացնել սառած մարմինը,— և արաղը հանդիսանում է որպես փրկարար դարման։ Նա թմրեցնում է ուղեղը, բթացնում է զգայարանքները, և դու բնության խստությունը այլևս չես զգում։ Եվ այդ է պատճառը, որ ոչ մի հիմնարկության այնքան չես հանդիպում, որքան գինետների։ Նրանց թիվը հազարապատիկ ավելի է եկեղեցիների, դպրոցների և այլ կրթական հիմնարկությունների թվից։ Համարյա բոլոր իջևաններում կարելի էր գտնել արաղ։

Թեև արբեցությունը սաստիկ արգելված էր կալանավորներին, բայց պահապանները այնքան բարի են գտնվում, որ չեն արգելում