Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/526

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Հիշո՞ւմ ես մեր մեջ մի քանի ամիս առաջ տեղի ունեցած խոսակցությունը։

— Հիշում եմ։

— Էգուց երեկոյան պահուն պիտի կատարվի գործողությունը․․․։

— Ինչ որ ուզում եք՝ կատարեցեք։ Ես չեմ փոխել իմ միտքը,— ես ամենևին չեմ մասնակցելու ձեր ձեռնարկության․․․։ Նա բռնեց իմ աջը և աղաչավոր դեմքով աչքերը դարձրեց դեպի իմ երեսը։

— Լսի՛ր, Մուրադ, համառության ժամանակ չէ, քո կամակորությունը կկորցնե քեզ։ Մտածիր, որ դու դեռ երիտասարդ ես, քո առջև դեռ ընդարձակ ասպարեզ կա գործելու և բախտավոր լինելու։ Քավոր Պետրոսը յուր որդու նման սիրել է քեզ, այժմ նույնպես սիրում է։ Նա քեզանից ձեռք չի վեր առնի, նա կգա քո ետևից, ուր որ տանում են քեզ, և մինչև չազատե քեզ, չի հանգստանա։ Եթե չես հավատում, քեզ ցույց կտամ նրա նամակը։

Նա տվեց ինձ մի թղթի կտոր, որի վրա գրված էին մի քանի տողեր միայն, ստորագրությունը և ձեռագիրը քավոր Պետրոսինն էր։ Ահա նրա բովանդակությունը, «Սիրելի Մուրադ, հնազանդվի՛ր, ինչ որ քո ընկերները կառաջարկեն քեզ, մոտ է փրկության ժամը»․․․։

Թե ի՞նչպես էր հասել այդ թուղթը նրա ձեռքը, ես չգիտեմ, բայց ես զզվանքով հետ տվի, ասելով,

— Եթե հազար այս տեսակ նամակ գրելու լինի նա, ես դարձյալ իմ միտքը չեմ փոխի։ Ես վճռել եմ, վաղուց վճռել եմ բնավ հարաբերություններ չունենալ խաչագողների հետ։ Ես նրանց մատնությամբ Սիբիր եմ գնում, բայց չէի ցանկանա նրանց ձեռքով ազատված լինել։

— Այդ ես հավատում եմ,— պատասխանեց երիտասարդը, — և մասամբ իրավունք եմ տալիս դժգոհությանը։ Բայց ոչինչ չէ արգելում քեզ այդ դրությունից ազատվելուց՝ հետո կտրել քո հարաբերությունները խաչագողների հետ։

— Բանը նրանումն է, որ նրանց ձեռքով ազատվելը ինձ համար անարգանք եմ համարում։

— Այդ խոսքը շատ վիրավորական է, Մուրադ,— ասաց երիտասարդը փոքր-ինչ վրդովված ձայնով,— բայց ես ուշադրություն չեմ դարձնի և կհիշեցնեմ քեզ մի ուրիշ բան, որը, որպես երևում է, մոռացել ես դու։ Դու հիշում ես այն անբախտ աղջկան,