Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/527

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որը սիրում էր քեզ, որին սիրում էիր և դու։ Արդյոք չե՞ս մտածում վերադառնալ նրա մոտ, գտնել նրան, ուրախացնել նրան։— Գիտե՞ս ինչ դրության մեջ թողեցիր նրան։

— Գիտեմ․․․։ Բայց հայտնի չէ, արդյոք ո՞ղջ է նա թե...։

Վերջին խոսքը ես չկարողացա արտասանել, դա դանակի պես կտրատում էր իմ սիրտը։ Երիտասարդը հանգստացրեց ինձ, ասելով.

— Ողջ է։ Նրա վերքը մահացու չէր։ Մենք այդ մասին ճիշտ տեղեկություն ունենք։

Ընթերցողը հիշում է, որ ինձ դեպի աքսոր ճանապարհ դնելու առավոտը հանկարծ հայտնվեցավ Նենեն և յուր բարկության խռովության մեջ խլեց զինվորներից մեկի ձեռքից հրացանը և արձակեց։ Թեև ոչ ոքին չվնասեց նա, բայց նրա վարմունքը այն աստիճան հակառակ էր օրենքի, որ մի զինվոր հրացանի սվինով վիրավորեց նրան, և նա ընկավ։ «Խելագար աղջկա» համարումը և հոգեկան հիվանդության ապացույցները միայն կարողացան ազատել նրան օրենքի խիստ դատապարտությունից։

Նենեի անունը հիշեցնելով, երիտասարդը շոշափեց սրտիս ամենազգայուն լարերը. իմ համառությունը մեղմացավ, իմ կամակորությունը միանգամից փշրվեցավ, և ես պատրաստ էի ասել նրան, «լավ, համաձայն եմ, կմիանամ ձեզ հետ»,— բայց դարձյալ շուտով ես տիրապետեցի ինձ. կարծես, իմ կամքի զորությունը կրկին վերադարձավ, երբ մտաբերեցի, թե ի՞նչ բան է խաչագողը կամ ի՞նչ է նշանակում միանալ նրանց հետ։

— Ոչ,— պատասխանեցի նրան,— երբեք, երբեք ձեզ հետ գործ ունենալ չեմ կարող։

Երիտասարդի դրությունը անտանելի դարձավ։ Նա գործ դրեց յուր վերջին ուժը, աշխատելով Նենեի հիշատակով գրավել ինձ։ Այդ փորձը անցավ ապարդյուն։ Այժմ ի՞նչ պիտի աներ նա։ Նա հայտնեց ինձ մի գաղտնիք՝ հաստատ հույս ունենալով, որ կհամոզե ինձ, որ ես կմասնակցեմ նրանց ձեռնարկության մեջ։ Ես մերժեցի։ Բայց գաղտնիքը մնաց ինձ մոտ։ Այժմ կարո՞ղ էր նա ապահով մնալ, որ ես նրանց գաղտնիքը չէի հայտնի ում որ հարկն էր և արգելք չէի դնի նրանց դիտավորության կատարվելուն։ Խաչագողները սաստիկ կասկածավոր մարդիկ են։ Ես նկատեցի այդ և բոլորովին անկեղծությամբ միամտացրի նրան, ասելով.

— Դուք ինչ որ ցանկանում եք՝ արեք, ես ոչ մի կերպով չեմ խանգարի ձեզ, միայն ինձ հանգիստ թողեցեք։

— Ազնիվ խո՞սք ես տալիս։