Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/528

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ազնիվ խոսք եմ տալիս։

Նա սեղմեց իմ ձեռքը և հեռացավ։

Ես մնացի միայնակ, մեր կալարանի մի անկյունում նստած: «Այդ մարդիկը պիտի փախչեն, մտածում էի ես, նրանց դեռ չբռնված, ազատ մնացած ընկերները դրսից կօգնեն նրանց և անպատճառ կհաջողեցնեն գործը, իսկ ես կմնամ իմ կապանքների մեջ։ Ինձ կտանեն այնտեղ, ուր մարդիկ կենդանի թաղվում են հանքերի անձավներում և խլուրդների նման աշխատում են ստորերկրյա մթության մեջ»։ Չնայելով այդ բոլորին, իմ սիրտը հանգիստ էր. ես հավատացած էի, որ վերջ ի վերջո ինձ համար էլ կբացվեր ազատության դուռը, բայց ավելի արդար, ավելի օրինավոր ճանապարհով։ Յուր մեղքերը զղջացած, ճշմարտության շավղի վրա կանգնած հանցավորին պետք է ներվեր, պետք է նրա համար փրկություն լիներ։ Եվ եթե մարդիկ այնքան սրատեսություն չունեն, որ քննեն սրտերի բոլոր խորքերը և որոշեն համառ հանցավորը զղջացածից, արդարը մեղավորից, բայց աստված, որի համար ոչինչ գաղտնիք չկա, որ գիտե բոլորը, ինչ որ հասարակ մահկանացուին անհասկանալի և մութն է, մի՞թե ամենաբարի աստվածը չէր օգնի ինձ։ Իմ հավատը այժմ այնքան ջերմ էր և իմ հույսը այնքան հաստատուն էր, որ ես նրա օգնությանը հավատում էի և սպասում էի։

Գիշերը անցավ առանց որևիցե աղմուկի։ Ամեն ինչ խաղաղ էր, ամեն ինչ յուր սովորական դրության մեջն էր։ Առավոտյան մեզ զարթեցրին խիստ վաղ։ Օրը բավական ցուրտ էր։ Իմ ընկերները ջերմացրին իրանց մարմինը արաղով և չմոռացան մեր պահապան զինվորներին նույնպես խմացնել։ Մենք ճանապարհ ընկանք, մեզանից յուրաքանչյուրը յուր ծանրությունները յուր մեջքի վրա կրելով։ Մեր ետևից գալիս էր մի սայլակ, լծած միայն մի ձիով, որ բերում էր մեր և զինվորների ավելորդ ծանրությունները։ Նրա վրա երբեմն նստեցնում էին աքսորյալներից նրանց միայն, երբ հիվանդանում էին և չէին կարող ճանապարհը շարունակել։ Իմ ընկերներից երկուսը, այն առավոտ իրանց հիվանդ ձևացնելով, պառկած էին սայլակի վրա։ Պահապանները հիվանդների վրա շատ ուշադրություն չէին դարձնում, ինքը հիվանդությունը հսկում էր նրանց վրա։

Երբ արեգակը բավական վեր բարձրացավ հորիզոնից, օրը սկսեց տաքանալ։ Աքսորականների խումբը առաջ էր ընթանում դանդաղ և ծանր քայլերով։ Նրանց ոտնակապերի երկաթները աններդաշնակ կերպով ձայն էին հանում։

Պահապանների և աքսորականների ուշադրությունը դարձրած