Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/531

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հեռու էր, մենք հասանք այնտեղ, երբ արևը վաղուց մայր էր մտել և մութը բոլորովին պատել էր։

Մյուս օրը մենք մնացինք նույն իջևանում։ Պահապանները, երկյուղ կրելով, մի գուցե մնացած աքսորականների հետ պատահեր միևնույնը, այն օր մեր գնացքը հետ ձգեցին, մինչև պատահած անցքի մասին տեղեկություն կտային մերձակա փոքրիկ քաղաքի կառավարությանը, և մինչև փախստականներին գտնելու միջոցներ գործ կդրվեին։ Ես շատ ուրախ էի, որ մեր ուղևորությունը ընդհատվեց, որովհետև փոքր-ինչ կհանգստանայի, փոքր-ինչ կկազդուրեի իմ սպառված ուժերը։

ԺԲ

ՍԵՐԸ Չէ ՀԱՄԲԵՐՈՒՄ

Խաչագողների փախուստից հետո մեր խումբի մեջ մնաց մեկ քրիստոնյա միայն, ազգով վրացի։ Մյուսները թուրք, թաթար և այլազգիներ էին։ Ազատվելով խաչագողների անտանելի հասարակությունից, ևս սկսեցի որոնել հիշյալ վրացու բարեկամությունը: Նա մի ուրախ, պարզամիտ և բավական շնորհալի դեմքով երիտասարդ էր Իմերեթիայի կողմերից։ Նա խիստ շուտով մտերմացավ ինձ հետ: Նրան աքսորել էին սպանության համար։ Ես զարմանում էի, թե ի՞նչպես մի այնպիսի բարեսիրտ տղա կարող էր սպանություն գործել։

Այդ երիտասարդը օրըստօրե ավելի և ավելի համակրական էր դառնում ինձ։ Նրա բնավորության մեջ այնքան պարզություն կար, որ չէր կարելի չսիրել նրան։

Մեզ արդեն տեղափոխել էին մերձակա փոքրիկ քաղաքը։ Այստեղ ևս մի քանի օր պահեցին մեզ, որովհետև մեր խումբի հետ պիտի միացնեին մի քանի ուրիշ աքսորականներ, որոնց նույնպես Սիբիր էին ուղարկում։ Վասոն, այսպես էր վրացի երիտասարդի անունը, այնքան ընտելացավ ինձ հետ, որ ինձանից չէր հեռանում։ Գիշերները քնում էր իմ կողքին և շատ անգամ, երբ քունը չէր տանում, ժամերով պատմում էր յուր կյանքի այս և այն արկածները։

Մի գիշեր, նստած իմ մոտ, կարկատում էր յուր մաշված կոշիկները և տխուր, հազիվ լսելի ձայնով շշնջում էր մի երգ։ Երիտասարդը