Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/535

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ա

ԱՎԱԶԱՊԵՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

ԱՌԱՋԻՆ ԳԻՇԵՐ

Անցել էր երեք տարի այն օրից, որ ես աքսորվեցա։ Այժմ բավական ընտելացել էի դատապարտյալի տաժանական կյանքին, բավական տանելի էր դարձել ինձ ծանր աշխատությունը հանքերի մեջ, բավական սովորել էի այնտեղի կերակրին և կեցությանը խոնավ, մթին կացարանների մեջ։

Աշխարհից կտրված, կյանքի վայելչություններից զրկված դատապարտյալը յուր շրջանի մեջ ոչինչ բավականություն չէ գտնում։ Այստեղ ամեն մարդ ակամայից է գործում, որովհետև յուր համար չէ գործում։ Ուր չկա շահ և շահերի միություն, շատ բնական է, որ այնտեղ չէ կարող կազմվել ընկերական կյանք, սեր և միաբանություն։ Եվ գուցե այդ է պատճառը, որ այն ահագին խառնիճաղանջ բազմության մեջ մարդ չէ կարող գտնել մի լավ բարեկամ, մի լավ ընկեր։

Միակ բանը, որ երբեմն մոտեցնում է այդ թշվառներին և կապում է միմյանց հետ, է նրանց վիճակի միանմանությունը։ Դժբախտության մեջ մարդը յուր նման ընկեր է գտնում։ Ես գտա մի այսպիսի ընկեր, որի հետ բաժանում էինք մեր վշտերը։

Այդ երիտասարդը հենց առաջին անգամից գրավեց իմ ուշադրությունը, քանի դեռ նրա հետ ծանոթացած չէի։ Նա մի բարեկազմ տղամարդ էր, բարձրահասակ, որի երեսի փոքր-ինչ խոշոր գծագրությունը տալիս էր դեմքին խիստ այրական բնավորություն։ Ես շատ էի հետաքրքրվում, թե ինչ հանցանքի համար աքսորված