Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/537

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մելիքը, մահմեդականների սովորությանը հետևելով, ուներ մի քանի կնիկներ։ Նրա առաջին կնիկը մեռած էր, որից մնացել էր մի աղջիկ միայն, որին կոչում էին Սանամ։ Խորթ մայրերը, որպես սովորաբար լինում է, վատ էին վարվում Սանամի հետ և շատ բաներում խտրություն էին դնում նրա և իրանց զավակների մեջ։ Սանամը զրկված էր մայրական սերից, զրկված էր առհասարակ ընտանեկան քաղցրությունից։ Ես շատ անգամ հանդիպում էի նրան արտասուքը աչքերում, բայց նա ինձ ոչինչ չէր ասում, նա վաղուց սովորել էր յուր վշտերը թաքցնել յուր սրտում։ Հայրը զբաղված լինելով յուր գործերով, նրա վրա ուշադրություն չէր դարձնում։ Պատահում էր, երբ աղջիկների հագուստի համար զանազան թանկագին իրեր էի տանում ևս, երբ Սանամը բաժին չէր ստանում, նա իսկույն լռությամբ հեռանում էր, առանձնանում էր մի տեղ և առաձնատուն էր լինում խորին տխրության։

Այսպիսի դեպքերը, որ պատահում էին ոչ սակավ անգամ, վիրավորում էին Սանամի սիրտը, նա վշտանում էր ոչ թե այն պատճառով, որ նա զրկվում էր այն զվարճություններից, որ վայելում էին նրա մյուս քույրերը, ո՛չ, Սանամը այդ մասին շատ հպարտ էր, այլ նա վիրավորվում էր գլխավորապես նրա համար, որ խտրություն էին դնում նրա և մյուսների մեջ և անդադար հիշեցնում էին թե «դու անբախտ ես, որովհետև մայր չունես»։

Այդ հանգամանքները ծնեցրին իմ մեջ մի ջերմ կարեկցություն դեպի դժբախտ աղջկա վիճակը։

Անցան տարիներ, Սանամը արդեն հասունացած օրիորդ էր դարձել, իսկ ես նորահաս երիտասարդ էի։ Այդ հասակում մարդիկ ամեն բան հասկանում են։

Մի անգամ, երբ մոտենում էր զատկի տոնը, մելիքի աղջիկները կարել էին տալիս իրանց համար նոր հագուստներ։ Սանամի համար նույնպես ձևել էին տվել, բայց նա ամենևին չէր շտապում, որ շուտով կարվեն և զատկվա համար պատրաստ լինեն։ Ես հարցրի պատճառը, նա պատասխանեց.

-Ի՞նչ կանեմ կարմիր շապիկը, երբ սիրտս միշտ սև ու սև է հագած...։

Նա այլևս չխոսեց և հեռացավ։

Ես նկատեցի, որ Սանամը այժմ չէր տանջվում այն ցավով, որ երեխայության ժամանակ շատ անգամ արտասուք էին թորեցնում նրա աչքերից։

-Այժմ նրա տանջանքը բոլորովին հոգեկան էր․․․