Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/538

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սանամը մի առանձին մտերմություն չուներ դեպի ինձ. նա նայում էր ինձ վրա որպես յուր հոր տանը մեծացած սպասավորի վրա։ Որքան էլ ճնշված չիներ նրա դրությունը, այսուամենայնիվ, նա մելիքի աղջիկ էր, իսկ ես՝ նրա հոր մոտ ծառայողի որդին։ Ես շատ էի աշխատում շոշափել նրա սրտի խորքերը, բայց նա այնքան ծածկամիտ էր, որ երբեք յուր սիրտը չէր բաց անում ինձ մոտ։ Նա միայն համարում էր ինձ մի երիտասարդ, որ յուր բոլոր շրջապատողներից ավելի համակրություն ուներ դեպի նա, և որին պատահած ժամանակ կարող էր հավատալ և ասել նրան մի քանի խոսքեր։

Մի անգամ գտա նրան սարսափելի խռովության մեջ. կարծես թե սպանված լիներ հուսահատությունից։ Նա դարձավ դեպի ինձ այդ խոսքերով.

Աղաչում եմ քեզ, գնի՛ր ինձ համար մի կտոր աֆիոն. դա կլինի իմ առաջին և վերջին խնդիրը քեզանից։ Իսկույն հասկացա նրա միտքը։

— Ի՞նչ կա, ի՞նչ է պատահել,— հարցրի ես ոչ սակավ զարհուրելով։ Նա ուշադրություն չդարձրեց իմ հարցերի վրա և կրկնեց յուր խնդիրը ավելի հրամայական ձայնով.

— Քո գիտենալու բան չէ... գնա՛ գնի՛ր, ինչ որ ասում են քեզ... հենց այսօր, հենց այս րոպեիս... գնա՛, մի ուշացի՛ր...»

Ես դուրս եկա Սանամի սենյակից, նրան այն հույսի մեջ թողնելով, թե կկատարեմ նրա խնդիրքը։ Բակում ինձ հանդիպեց մելիքի վաղեմի ձիապանը, մի ծերունի, որ ծառայում էր այդ տան մեջ նրա հոր ժամանակներից։ Ծերունին ասելով, որ ես կանչեցի նրան, շարունակեց յուր դանդաղ քայլերը և մտավ ախոռատունը։ Ես հետևեցի նրան, պատմեցի, թե ինչ դրության մեջ գտա Սանամին։ — Ամեն բան տակնուվրա եղավ...— ասաց նա ինքն իրան խոսելով,— «էլ ի՞նչ մնաց... ամեն բան կորավ... մնացել էր մեր սուրբ հավատի, այն էլ կորավ»...։

— Ի՞նչ է պատահել,— կրկնեց նա,— ոչինչ հասկանալով նրա մթին խոսքերից։

— Ի՞նչ է պատահել...,— կրկնեց նա գլուխը շարժելով, բայց այդ միջոցին ոսկեգույն նժույգներից մեկը, տեսնելով յուր ծերունի խնամատարին, սկսեց ուրախությամբ խրխնջալ և առջևի սմբակները հատակին զարկեք։ Նա դարձավ դեպի նժույգը. ասելով.— «Սարի,