Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/539

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խելոք կաց»։ Սարին փոքր-ինչ հանգստացավ և նա կրկին դիմեց ինձ դարձյալ նժույգի վրա խոսելով.

— Հինգ տարուց ավելի է, որ աշխատում եմ այդ անզգամին խելքի բերել, բայց դա հենց էն գիժն է ու էն գիժը։

Ծերունի Թունին սաստիկ սիրում էր յուր ձիաների մեջ կարգ պահպանել և մանավանդ ներել չէր կարող, երբ նրանք, մի այլ մարդու ներկայությամբ, չէին հետևում համեստության կանոնների: Նա պատրաստվում էր ավելի երկար բացատրություններ տալ յուր կարգապահության մասին, բայց իմ համբերությունը հատավ, ես կրկին հարցրի.

— Դու այն ասա՛, ի՞նչ է պատահել։

— Էլ ի՛՛նչ լինի... ամեն բան փչացավ... ամեն բան ծուռն է գնում...։ Նմույգը դարձյալ ընդհատեց նրա խոսքը։— «Սարի, սատանայի ծնունդ, քեզ եմ ասում, խելոք կաց»։ Նա մոռանալով իմ հարցմունքը, մոտեցավ Սարիին, սկսեց հայրաբար փայփայել նրա գեղեցիկ բաշը և նորից խրատներ կարդալ։ Նժույգը լսեց նրա խրատները, հանգստացավ, իսկ ծերունին եկավ, կրկին նստեց իմ մոտ։

— Անցա՜ն, գնացին հին ժամանակները...,— խոսեց նա խորին հոգվոց հանելով.— լինում էր, շատ անգամ հանգուցյալ մելիքը մտնում էր այստեղ, ձիաները մեկը մյուսի կողքին շարված էրե հիսունի չափ, չաղ, սիրուն, կասես թե ամեն մեկը մի ռաշխ լիներ։ Հանգուցյալի սիրտը փառավորվում էր, ձեռքով զարկում էր իմ քամակին, «շա՜տ ապրես, ասում էր, Թունի, ձիաները լավ ես պահել»... ու այն րոպեում հանում էր յուր հագիցը կաբան, ինձ խալաթ էր տալիս: Բայց հիմա... ոչ այն մելիքը կա և ոչ այն ձիաները...։ Բոլորը պստիկ մելիքը ընծայեց պարսիկ խաներին...։ Բայց առա՜ջ... պարսիկ խաներն էին մեզ ձիաներ փեշքաշ անում, որ, հանգուցյալ մելիքը նրանց հոգին չհաներ... տերևի նման դողդողում էին, երբ նրա շվաքն էին տեսնում...։

Մելիքի տան վաղեմի փառք ի հիշատակը և նրա թուլանալը ներկա մելիքի օրերում այն աստիճան ցավելով լցրած էին բարեսիրտ ծերունու սիրտը, որ նա, կարծես, բոլորովին չէր նկատում իմ ներկայությունը և իսպառ մոռացավ այն հարցը, որով ես մի՝ քանի անգամ դիմեցի նրան։ Ես դարձյալ հարցրի.

— Ես այդ բոլորը գիտեմ, դու այն ասա՛, ի՞նչ է պատահել Սանամի հետ։ Նա դարձյալ ինձ համբերությունից հանեց յուր երկարաբանությամբ։