Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/540

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Խե՜ղճ աղջիկ, երանի՜ թե բնավ ծնված չլինեիր... երանի՜ քո մորը, որ շուտ մեռավ և աչքերով չտեսավ այդ նախատինքը...։ Բայց ալևոր Թունին մեղավոր էր, նա մնաց, չմեռավ և չտեսած բաներ տեսավ...։ Մի այդպիսի բան կարո՞ղ էր պատահել հանգուցյալ մելիքի օրերում։ Նրա ժամանակում աստուծո բարությունով լցված էր մեր երկիրը. գայլն ու գառը միասին էին ապրում. մարդիկ խաղաղությամբ ցանում էին, հնձում էին, ուտում էին, ուրախանում էին...։ Բայց հիմա՞,— հիմա մարդ ոչ յուր գլխի տերն է և ոչ յուր ապրանքի տերն է... ամեն բան փչացավ... ոչ կարգ կա, ոչ կանոն... ամեն մարդ յուր սրտի ուզածն է անում... Իսկ մեր մելիքը յուր քեֆերից չէ արթնանում...։ Բայց այդ վերջինը... նրա այդ վերջին արարմունքը... ա՜խ, աստված, այդ ի՜նչ բան է...։

— Ի՜նչ արարմունք,— գոչեցի ես բարկությամբ,— դե՛ ասա՛։ Ի՜նչ ես սիրտս տրաքեցնում։

— Ի՜նչ արարմունք... դու դեռ չե՞ս լսել,— հարցրեց նա զարմանալով։

— Ես ոչինչ չեմ լսել։

— Մեր մելիքը (ա՜խ, տեր աստված, նրան մեքիչ խելք տուր) հա՛, մեր մելիքը ամեն բան ոտքի տակ տվեց, ամեն բան տակնուվրա արեց...։ Խաները նրա հորից տերևի նման դողում էին, երբ գալիս էին նրա սալամին, ժամերով կանգնում էին դռանը, մինչև հրաման չէին ստանում, չէին համարձակվում ներս մտնել։ Բայց թուլասիրտ որդին հիմա խաների ոտքերն է լիզում, խոնարհվում է նրանց առջև...։ Այդ բավական չէ՛, յուր հարազատ աղջիկը նրանց կնության է տալիս... մի լույս հոգի է կորցնում...։

— Սանամի՞ն է տալիս,— հարցրի ես սարսափելով...։

— Սանամին, ապա ո՞ւմը,— պատասխանեց նա, յուր մարած աչքերից արտասուքը սրբելով։

Ես հասկացա դժբախտ աղջկա խռովության պատճառը և իսկույն դուրս եկա ախոռատնից։ Արևը արդեն մայր մտնելու մոտ էր։ Ես սպասում էի, մինչև բոլորովին մթնի, որ հարմար ժամանակ գտնեմ Սանամի հետ տեսնվելու։

Բայց մինչև մեր տեսնվելը, հարկավոր է ձեզ տեղեկացնել, որ այն ժամանակ Ղարադաղի գավառում կային հայոց երկու նշանավոր մելիքներ. մեկը մեր մելիքն էր, իսկ մյուսը, նույնպես հին տոհմից, ավելի զորավոր էր, քան թե մերը։ Ղարադաղի հայերի իշխանությունը բաժանված էր այդ երկուսի մեջ։ Երկուսն էլ անմիաբան, հակառակ միմյանց, միշտ աշխատում էին ստորացնել