Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/541

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միմյանց, վնասել միմյանց, և այդ պատճառով ներքին երկպառակությունը երկրից անպակաս էր լինում։ Պարսիկ խաները, օգուտ քաղելով դրանց թշնամությունից, ավելի բորբոքում էին կռիվը։ Եվ այդ, իհարկե, ավելի ձեռնտու էր նրանց, երբ հայոց գլխավորները չէին կարող միանալ, որ ընդհանուր ուժերով պատերազմեին երկրի արտաքին թշնամու դեմ։

Վերջին ժամանակներում մեր մելիքը մտածում էր բոլորովին ոչնչացնեք յուր հակառակորդին և, այդ նպատակին հասնելու համար, աշխատում է դեպի ինքը գրավել Քուրդաշտի խանին, խոստանալով որպես բարեկամության առհավատչյա գեղեցիկ Սանամին նրան կնության տալ։

Մի այնպիսի մարդ, որպես մեր մելիքն էր, պատրաստ էր յուր փառասիրության համար զոհել ամեն ինչ։ Նա նայում էր յուր աղջկա վրա որպես յուր նժույգներից մեկի վրա, որ շատ անգամ ընծայում էր այս և այն խանին, նրանց բարեկամությունը գրավելու համար։

Պարզ, մաքուր, անարատ մնացած ժողովրդի կրոնական զգացմունքը վիրավորվում էր, տեսնելով, որ յուր մելիքը մահմեդական սովորություններին է հետևում, բայց նրա խուլ բողոքը լսելի չի չինում։

Դուք մի փոքր տեղեկություն ստացաք մեր երկրի այն ժամանակվա դրության մասին,— շարունակեց ավազակապետը,— հիմա դառնանք դեպի օրիորդ Սանամը։

Ախոռատան բակից մի փոքրիկ դուռ տանում էր դեպի պարտեզը, որ կպած էր մելիքի ամրոցին։ Սանամը սովորություն ուներ երեկոյան պահուն պարտեզում պտտելու։ Ես մտա այնտեղ, հուսալով, թե կգտնեմ նրան։ Երկար անհանգիստ կերպով թափառում էի, բայց ոչ ոքին չտեսա։ Արևը մտավ, մութը սկսեց հետզհետե բանձրանալ։ Ես մտա ամրոցը այն դռնով, որ ուղղակի տանում էր դեպի Սանամի սենյակը։ Նախասենյակում ճրագ չկար։ Մոտեցա նրա կացարանի դռանը, ներսից լսվում էր մի այնպիսի սոսկալի խոսակցություն.

— Լո՛ւռ կաց, անզգամ... ի՜նչպես ես համարձակվում... քեզ մորթել կտամ... ինչ որ ասում եմ, պետք է հնազանդվես...։

Այդ նրա հոր ձայնն էր։

— Հողե՜մ քո սարսաղ գլուխը... էլ ի՞նչ ես ուզում... կգնաս խանի տանը խանում կդառնաս... միշտ զառ ու ղումաշ կհագնես...:

Այդ նրա խորթ մոր ձայնն էր։