Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/542

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Թե որ սպանեք, թե որ կտրատեք ինձ, էլի այն կասեմ՝ պարսիկի կին չեմ դառնա, հոգիս չեմ կորցնի...։

Այդ Սանամի պատասխանն էր։

Ես հետ քաշվեցա, մի անկյունում կծկվեցա, երբ լսեցի մելիքի քայլերի ձայնը։ Նա յուր կնոջ հետ դուրս եկավ, անցավ իմ մոտից, բայց մութի մեջ չկարողացավ նկատել ինձ։ Ես լսեցի հետևյալ խոսակցությունը.

— Ա՛յ մարդ,— ասաց կինը,— դու ինչո՞ւ ես մտիկ անում այն քածի ասածներին, ինչ որ ուզում է, թող անե. դու խանին խոսք ես տվել, խո չե՞ս կարող խոսքիցդ հետ կանգնել։

— Ես նրա լաց ու սուգին մտիկ չեմ տա,— պատասխանեց մելիքը,— ես տղամարդ եմ, իմ թքածը չեմ լիզի․․․։

Սանամի վիճակը արդեն վճռված էր։ Այր ու կին համաձայն էին։ Դժբախտ օրիորդի ընդդիմադրությունը կմնար ապարդյուն, եթե մեկը նրան օգնության չհասներ։

Մինչև ես այն մտածության մեջ էի, թե ի՞նչ ելք պետք է գտնել, նախասենյակ մտավ օրիորդի դայակը, ճրագը ձեռքին։ Պառավը տեսնելով ինձ, կանգնեց։

— Ախար այդ լավ բան չէ․․․,— ասաց նա ցավալի ձայնով,— ախար այդ ընդդեմ է մեր տեր աստծուն... ո՞վ է տեսել մի այդպիսի բան... ա՜խ, այդ ի՞նչ են ուզում անել, սուրբ աստվածածին...։ Քանի՜-քանի՜ տարիներ կուրծքիս վրա պահել, մեծացրել եմ նրան... իմ աչքի լույսի պես պահել եմ... հիմա ուղում են տալ անօրենին.... ուզում են հոգին, հավատը կորցնել...։

Պառավը նկատեց, որ ես համբերություն չունեմ նրան լսելու, հարցրեց.

— Ո՞ւր ես գնում։

— Սանամի մոտ։

Նա էլ էր ցանկանում մտնել օրիորդի մոտ, բայց երբ տեսավ, որ ես այնտեղ եմ գնում, չկամեցավ խանգարել մեր տեսությունը, հետ դարձավ, ասելով.

— Գնա, մի՛ ուշացիր, նա քեզանից խոսք կլսե, ասա՛, թող ականջ չդնե հորն ու մոր խոսքին, ասա, թող չկորցնե լույս հավատն ու հոգին...։

Ես հակառակ իմ սպասածին, գտա Սանամին բավական խաղաղ դրության մեջ։ Բոցավառված աչքերի կրակը, որ տեսել Էի այն օր առավոտյան, կարծես թե հանգել էր, միայն գունաթափ դեմքի վրա երևում էին խորին հուսահատության նշաններ։