Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/543

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Բերեցի՞ր,— հարցրեց նա անհամբերությամբ։

— Ի՞նչը,— հարցրի ես։

— Այն, որ առավոտյան խնդրեցի քեզանից:

— Այն, որ դու պահանջեցիր, այլևս պետք չի լինի պատասխանեցի ես։ Նա երեսը շուռ տվեց ասելով.

— Լավ, հեռացիր, էլ չեմ ուզում...։

Ես անշարժ մնացի։ Նա շարունակեց.

— Ի՞նչ մարդիկ են... չեն օգնում գոնե մեռնել ինձ...:

Նա կրկին նայեց ինձ վրա և, տեսնելով, որ դեռ կանգնած եմ, ասաց փոքր-ինչ հրամայական ձայնով.

— Խնդրում եմ ինձ մենակ թողնել։

Ինձ հայտնի էր օրիորդի հաստատամտությունը, ես չհեռացա. ես գիտեի, թեև ես աֆիոն չգնեցի նրա համար, բայց իմ հեռանալուց հետո նա մի այլ միջոցով անձնասպանություն կգործեր։ Ես մոտեցա, ասելով.

— Թեև աֆիոն չգնեցի, բայց բերել եմ ձեզ համար մի այլ դարման...

— Ի՞նչ դարման,— հարցրեց նա հանգստանալով։

— Ես ձեզ պետք է ազատեմ...։

— Շնորհակալ եմ...,— պատասխանեց նա արհամարհական եղանակով.— դու ինձ կազատեիր, եթե կբերեիր իմ խնդրածը...։

— Ես ցանկանում եմ, որ դուք կենդանի մնաք և միևնույն ժամանակ ազատված լինեք։

— Դա անկարելի բան է... ես ճանաչում եմ իմ հորն ու մորը...։

— Կարելի է, եթե դուք կընդունեք իմ առաջարկությունը...։

— Ի՞նչ եք ուզում ասել։

— Փախչենք, հեռանանք այստեղից, եթե ոչ, առավոտյան ձեզ բռնությամբ խանի ամրոցը կուղարկեն։ Ամեն ինչ պատրաստված է ձեզ ճանապարհ դնելու համար։ Փախչենք, քանի որ դեռ ժամանակը կորած չէ։ Հենց այս գիշեր ես կտանեմ ձեզ մի ապահով տեղ, ուր ոչ ոք չէ կարող գտնեք ձեզ։

Մի քանի վայրկյան մտածելուց հետո պատասխանեց նա.

— Ոչ։ Թող ես մեռնեմ, այդ ավելի լավ է...:

Նա վախենում էր հասարակաց կարծիքից, հիմար ամբոխի դատապարտությունից։ Մարդիկ կծաղրեին նրան, ասելով, թե փախավ յուր հոր սպասավորի հետ: Ես չոքեցի նրա առջև, աղաչելով: