Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/544

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Սանամ, այս տան մեջ ես եմ եղել ձեր ամենահավատարիմ սպասավորը, նույնպես և կմնամ այսուհետև: Մենք համարյա թե միասին ենք մեծացել և ձեզ պետք է հայտնի լինի, թե որ՞ աստիճան հարգում եմ ձեզ։ Ապավինեցեք ձեր ծառայի օգնության վրա, որ՝ հանձն է առել ամեն ինչ ձեր կյանքը և պատիվը պաշտպանելու համար։

Երկար ես բաց չէի թողնում նրա ձեռքը, մինչև պատասխան չստանամ, երկար իմ արտասուքով լի աչքերը հառած էին դեպի նրա գունաթափ դեմքը։ Նա տարուբերվում էր սարսափելի անվճռականության մեջ։ Նա այնքան կամքի զորություն չուներ, որ մաքառեր ընդունված նախապաշարմունքների դեմ։ Ես սկսեցի ավելի ու ավելի թախանձել նրան, մինչև լսեցի նրա բերանից այդ ուրախալի խոսքը.

— Համաձայն եմ...։

Ես կանգնեցի ասելով.

— Գնում եմ պատրաստելու ինչ որ պետք է մեզ ճանապարհի համար։ Դուք պարտեզում կսպասեք ինձ։ 

Իմ ուրախությանը չափ չկար։ Օրիորդի սենյակից դուրս գալը և ծերունի Թունիի մոտ մտնելը մի քանի րոպեի գործ եղավ։ Ձիապանը դեռ քնած չէր։ Ես գտա նրան խորին տխրության մեջ, երևի նա էլ Սանամի վրա էր մտածում։ Բոլորովին վստահ լինելով ծերունու բարեսրտության վրա, հայտնեցի նրան իմ դիտավորությանը։ Նրա խորշոմած դեմքի վրա երևաց ուրախության նման մի բան և ինձ գրկելով ասաց.

— Օրհնյա՜լ լինիս, աստված զորացնե քեզ։ Եթե չլիներ Թունին վաթսուն տարեկան, նա ինքը կաներ այդ բանը, նա չէր թող տա, որ մեր լուսավորիչ հոր գառը գայլերին տային...։ Բայց Թունիի մեջ այժմ առաջվա ուժը չէ մնացել։ Կար ժամանակ, որ ալևոր Թունին էլ մի տղամարդ էր, տասն, քսան պարսիկին մարգ չէր ասի... Գնա՜ց էն ժամանակը...։ Բայց դու դեռ ջահիլ ես. քեզանում արյունը դեռ եփ է գալիս, դու կարող ես շատ բան անել...։ Ես ընդհատեցի նրան ասելով.

— Դե՛, շուտ, Թունի ապեր, երկար խոսելու ժամանակ չէ. պետք է թամքել ձիաներից երկուսը։

— Հա՛, պետք է թամքել, իհարկե, պետք է թամքել երկու ամենալավը մեր ձիաներից։ Թող առավոտյան մելիքը ջարդել տա Թունիի ալևոր գլուխը, այդ ոչինչ, միայն թե նա ազատված լինի...։ Թող ազատվի իմ հրեշտակը, նա յուր հանգուցյալ մոր կտորն է,