Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/545

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրա նման բարի է... աստված հանգիստ արքայություն պարգևն նրան։ Հանգուցյալի պես կնիկ չկար մեր երկրում, այնպիսի լավ սիրտ ուներ, որ ճանճին էլ չէր նեղացնի...։ Շատ անգամ մտնում էր նա աղքատ Թունիի խրճիթը և, երբ երեխաներից մեկին մերկ էր տեսնում, հարգնում էր, երբ մեկին հիվանդ էր տեսնում, օգնում էր...։ Ոչ մի օր դատարկ ձեռքով նա իմ շեմքի վրա ոտք չէր կոխում, ամեն անգամ մի բան կբերեր իմ երեխաների համար, կասեր․ «Թունի, դու կին չունես, ես պետք է պահպանեմ նրանց...»։ Այդ բոլորը ալևոր Թունին չի մոռանա... թեկուզ մեռնի, թեկուզ նրա գերեզմանի վրա խոտեր բուսնեն, դարձյալ չի մոռանա...։

Մինչև ծերունին կվերջացներ յուր հին հիշողությունները, ես ձիաներից երկուսը թամքեցի։ Հետո նշանակեցի մի տեղ, խնդրելով նրան, որ ձիաները տանե այնտեղ և սպասե մեզ։ Իսկ ես վազեցի դեպի մեր տունը, որ զենքերս վեր առնեմ: Գիշերը խիստ մութն էր։ Մարդիկ քնած էին։ Փողոցներում ոչ ոք չէր երևում։ Վերադառնալով մեր տնից, մտա պարտեզը, ուղիղ դիմեցի դեպի այն կողմը, ուր պատվիրել էի օրիորդին սպասել ինձ։ Ես գտա նրան յուր ծառայի հագուստով։ Հազիվ կարելի էր ճանաչել նրան, եթե չասեր նա «այդ ես եմ»։

Մելիքի ամրոցի մեջ տիրում էր խորին լռություն։ Լուսամուտներից ոչ մի ճրագ չէր երևում։ Բոլորովին աննկատելի կերպով դուրս եկանք պարտեզից և սկսեցինք դիմել դեպի այն կողմը, ուր Թունին յուր ձիաներով սպասում էր մեզ։ Օրիորդը շնորհակալությամբ համբուրեց ծերունու աջը և առեց նրա օրհնությունը։ Ես օգնեցի նրան նստել ձին։ Մենք հեռացանք։

Ամեն ինչ խաղաղ հանգստության մեջ էր։ Ոչ մի շնչավոր արարած չէր երևում։ Ես հետ նայեցի, ծերունին դեռ անշարժ կանգնած էր յուր տեղում և, որպես մարմնացած բարեսրտություն, ձեռքերը բարձրացրել էր դեպի երկինք, մեզ համար հաջողություն էր բարեմաղթում»...»

Բ

ԵՐԿՐՈՐԴ ԳԻՇԵՐ

Ավազակապետի պատմությունը այնքան գրավել էր իմ ուշադրությունը, որ ամենևին չէի նկատել, թե գիշերը աննկատելի կերպով անցել էր։ Երբ արեգակի առաջին շառավիղները ներս ցոլացին