Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/547

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ցնցոտիներից շատ տեղ երևում էր նրա մարմնի մերկությունը։ Մի նույնպիսի հնամաշ տոպրակ ուսից քաշ էր ընկած: Գլուխը կռացած մինչև գետին, իսկ քամակից բարձրացել էր մեջքի ահագին կուզը։

Յուր դողդոջուն մարմինը հազիվհազ կարողանում էր ոտքի վրա պահել, նեցուկ տալով կուրծքին ձեռքի ցուպը։ Նա կաղկաղալով քարշ էր գալիս մի խանութի դռնից դեպի մյուսը և ցավալի ձայնով մրմնջում էր. «ողորմություն արեք, պարոններ, հիվանդ, սոված աղքատին»: Ամեն մի անգութ սրտի վրա կարող էր ազդել նրա դառն հառաչանքը։

Երբ նա տեսավ աքսորականների խումբը, մոտեցավ։ «Դուք ավելի թշվառ եք, քան թե ես» ասելով, սկսեց յուր հավաքած գրոշները բաժանել նրանց։ Նա դրեց և իմ ափի մեջ երկու հատ հինգ կոպեկանոց։ Այդ ժամանակվա հինգ կոպեկանոցները այնքան մեծ էին, որ կարող էին իշի նալի հետ մրցել։ Ես նայեցա մուրացկանի երեսին և շվարած մնացի...: Ավազակապետը իմ կողքին կանգնած էր։ Երբ մուրացկանը հեռացավ, նա ասաց.

— Այդ դեմքը ծանոթ է ինձ...։

Ես ոչինչ չպատասխանեցի։

— Մի՞թե նա այժմ կաղ է դարձել և մեջքին կուզ ունի...,— ասաց նա ինքն իրան։

Տեսնելով, որ ավազակապետը ճանաչեց մուրացկանին, ես այլևս չթաքցրի նրանից, պատասխանեցի.

— Նրա ոտները քո և իմ ոտներից ավելի ուղիղ են, մեջքն էլ նույնպես, միայն նա այնպես ձևացրել է իրան։ Այդ մարդիկը հարկավորած ժամանակ գիտեն իրանց կույր, կաղ, սապատող ձևացնել: Տեսա՞ր նրա խառնված մազերը, խճճված մորուքր, ողորմելի երեսը,— բոլորը շինծու էր։

— Այդ երեսը ծանոթ է ինձ...,— դարձյալ կրկնեց ավազակապետը։

— Ո՞րտեղ ես տեսել նրան։

— Հետո կպատմեմ...։

Խումբը անցավ։ Ես մուրացկանից ստացած երկու հատ հինգ կոպեկանոցները դրեցի գրպանս, այնտեղ մատներով շոշափեցի, հայտնվեցավ, որ հինգ կոպեկանոցների մեջտեղում դրած էր բոլորակ ձևով ծալած թղթի կտոր։ Առանց կարդալու, արդեն երևակայում էի, թե ինչ պետք է գրված լիներ այն թղթի վրա, որ խորհրդավոր ծրարի մեջ հասցրեց ինձ մուրացկանը։ Այսուամենայնիվ, մի պատեհ ժամանակ էի որոնում, որ կարդամ թուղթը: