Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/548

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երբ հասանք մեր արգելանոցը, արդեն մութն էր, ճրագները վառվում էին։ Ես առիթ գտա թուղթը կարդալու։ Նրա մեջ գրված էին հետևյալ տողերը. «Մուրադ, ամեն ինչ կարգավորված է քո փախուստի համար։ Հուսով եմ, որ դու այժմ կհետևես իմ խորհուրդներին։ Դու երկրորդ անգամ ինձանից նամակ կստանաս և նրա համեմատ կվարվես։ Պետրոս»։

Նամակը կարդացի ես մի այնպիսի տեղում, ուր թույլ են տալիս կալանավորներին մենակ մտնել։ Պատին կպցրած էր մի ճրագ. թուղթը բռնեցի ճրագի վրա և քավոր Պետրոսի խորհրդավոր աղդաբարությունը մի վայրկյանում ոչնչացավ։

Ինձ հետա քրքրում էր ավազակապետի այն խոսքը, թե մուրացկանի դեմքը նրան ծանոթ էր։ Ես համոզված էի, որ անպատճառ այդ ծանոթության հետ կապված կլիներ մի ամբողջ պատմություն։ Որովհետև քավոր Պետրոսը այն պտուղներից չէր, որ նրան ճաշակաձևը մնար առանց հետևանքի։

Գիշերը, երբ մեզ տեղավորեցին մեր կացարաններում, ես խնդրեցի ավազակապետից, որ պատմե, թե ինչ առիթով ծանոթ է եղել ծպտյալ մուրացկանի հետ։ Նա հաճությամբ կատարեց իմ խնդիրքը։

«Դու հիշո՞ւմ ես, մի անգամ պատմեցի քեզ, որ իմ պատանեկության հասակում հայրս ուղարկեց ինձ Տաթևի վանքը ուսում առնելու։ Այդ միջոցներում լուր տարածվեց, թե Որոտնա վանքում հայտնվել է մի հրաշագործ ճգնավոր։ (Որոտնա վանքը հեռու է Տաթևի վանքից կես օրվա ճանապարհով միայն։) ճգնավորի մասին խոսում էին, թե նա ոչ ուտում է, ոչ խմում է, այլ լիացած է սուրբ հոգու շնորհով, թե նրա կերակուրը մշտական աղոթքներն են։ Նրա մասին պատմում էին զանազան հրաշքներ, այդ պատճառով ամեն կողմից կույրեր, կաղեր և զանազան տեսակ հիվանդներ դիմում էին վանքը՝ ճգնավորից բժշկություն գտնելու համար։

Լսելով ճգնավորի համբավը, իմ հինգ տարի շարունակ անդամալույծ մայրս հանգստություն չէր տալիս ինձ։ Անդադար տնից նամակ էի ստանում, որ գնամ մորս բերեմ ճգնավորի մոտ։ Նա էլ ցանկանում էր առողջանալ և ամուր ոտների վրա ման գալ։ Հայրս էլ նույնն էր ցանկանում։ Ես ստիպվեցի առժամանակ ընդհատել իմ ուսումը, Տաթևի վանքից գնացի մեր տունը մորս բերելու համար։ Հայրս դրեց մեզ հետ ամեն բան, ինչ որ արժան էր վանքին ընծա տանելու համար։

Որոտնա վանքը հասնելուց երկու օրից հետո մեզ թույլ տվեցին