Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/550

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ճյուղ արձակած... ամեն մի ճյուղի վրա... մի-մի հրեշտակ է նստած... բայց բոլորից վերևը... սուրբ տիրամայրն է նստած... գրկին մանուկ է բռնած... լույս մազերով զարդարած... Մոր աչքերում արտասուք... սիրտը վշտերով լցված... մանկան ձեռքին է մի խաչ... դեմքը պայծառ է դարձած... արտասուքը սրբություն... իսկ խաչը մեզ փրկություն... Մայրն ու որդին խոստանում»...:

Ճգնավորը լռեց։ Աբեղան բացատրեց մեզ նրա պատգամախոսության իմաստը, թե սուրբ տիրամայրը և որդին «փրկություն» են խոստանում։ Մայրս ուրախացավ, կրկին համբուրեց ճգնավորի հագուստի դրոշակները, և մենք երկյուղածությամբ հեռացանք։

Այնուհետև անցան մի քանի ամիսներ, ճգնավորի մասին շատ անգամ լսվում էին այսպիսի խոսքեր, թե նրա ժամանակը մոտեցել է, թե նա երկար չէ մնալու երկրի վրա, թե հրեշտակները նրան իրանց մոտ են կանչում, թե նա մի օր կանհայտանա, թե նրա վախճանը Մովսեսի և սուրբ լուսավորչի նման կլինի, որ ժողովուրդը նրա մարմինը չգտնե, և պաշտելու առարկա չդարձնեն։

Եվ իրավ, ճգնավորը անհայտացավ։ Ո՞ւր գնաց, ոչ ոք չգիտեր։ Միայն ժողովրդի մեջ տարածվեցան զանազան կարծիքներ, ոմանք համարում էին նրան Ենովքի և Եղիայի նման երկինքը բարձրացած, ոմանք ասում էին, թե նա առանձնացել է մի սարում, յուր կյանքի վերջին օրերը խստակեցությամբ անցկացնելու և յուր անձը բոլորովին աստծուն նվիրելու համար։ Ոմանք պատմում էին, թե նրան տեսել են այսինչ տեղում, լույսի ճաճանչներով պատած, երբ մոտեցել են, նա աներևութացել է։ Վերջապես, շատ այսպիսի խոսքեր էին ասում, իսկ նրանցից ո՞րն էր ճշմարիտ, աստված գիտե»։

Ավազակապետի պատմությունը թեև շատ հետաքրքրական էր, բայց ինձ ամենևին չէր զարմացնում։ Ես քավոր Պետրոսին լավ էի ճանաչում. նրա համար այս և այն կերպարանք ընդունելը, այս և այն ձևի մեջ մտնելը խիստ սովորական բան էր։ Միայն ինձ անհավատալի էր թվում մի բան, արդյո՞ք քավոր Պետրոսը միևնույն անձնավորությունն էր, որին տեսել էր ավազակապետը ճգնավորի քարանձավի մեջ և ի՞նչ ապացույց ուներ այսպես կարծելու։ Դեմքի նմանությունը բավական չէր. մանավանդ քավոր Պետրոսի դեմքը այն ժամանակից հետո պետք է բավական փոխված լիներ։ Երբ այդ հարցերը առաջարկեցի, ավազակապետը պատասխանեց.

— Նրան կոչում էին «ականջը կտրած» ճգնավոր, պատմում էին, թե նա մի անգամ գերի է ընկել անօրենների ձեռքը, նրան