Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/554

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տանը չեք, ամեն ինչ կհայտնվի, և ձեր հայրը դեպի ամեն կողմեր մարդ կուղարկե, որ ձեզ որոնեն։

— Թող ուղարկե։ Այդ մթին ձորերը, այդ անտառները, այդ լեռները կարող են տարիներով պահել մեզ իրանց ծոցում, և ոչ ոք գտնել չէ կարող մեզ։ Այդպես չէ՞։

— Այդպես է, բայց զգուշությունը ևս հարկավոր է։

Ես չկամեցա օրիորդի վստահությունը թուլացնել, թեև մեր ձեռնարկությունը սաստիկ վտանգավոր էր։ Մենք կարող էինք և խանի մարդիկներին հանդիպել, որոնք, իմանալով օրիորդի փախուստը, նույնպես հետամուտ կլինեին։ Այդ պատճառով շտապում էի րոպե անգամ չկորցնել և այն օր, որքան կարելի էր, երկար ճանապարհ կտրել։

Գիշերը մենք մնացինք անտառում, իսկ երկրորդ օրվա երեկոյան պահուն հասանք Երասխ գետի ափի մոտ։ Երասխը այդ կողմերում ռուսաց և պարսից հողերի սահմանագլուխն է։ Ես մտածում էի անցնել գետը և ռուսաց հողի վրա ապաստան գտնել։ Այդ կողմերում միակ անցքը Խուդա֊Աֆերինի կամուրջն էր։ Բայց կամուրջով անցնել անկարելի էր, նախ այն պատճառով, որ այնտեղ կարող էին մարդիկ դրած լինել մեզ բռնելու համար, երկրորդ, մեզանից անցաթղթեր կպահանջեին։ Իսկ մենք, փախստականներս, անցաթղթեր չունեինք:

Դժվարությունը մեծ էր։ Ի՞նչպես պետք էր անցնել գետը։ Ուրիշ հնար չկար, պետք էր որոնել գետի ծանծաղուտներում մի ոչ այնքան խորին տեղ և մաքսախույսների նման անցնել ջրի միջով։ Բայց Սանամը կարո՞ղ էր կատարել մի այսպիսի հանդուգն ձեռնարկություն։ Ես մնացել էի շվարած, չգիտեի, թե ի՞նչ պիտի անեմ։ Երբ օրիորդը նկատեց իմ հուսահատությունը՝ հարցրեց.

— Ինչո՞ւ եք կանգնած։

Ես բացատրեցի նրան, թե ավելի ապահով դրության մեջ լինելու համար պետք է անցնել ռուսաց հողի վրա։

— Անցնենք, էլ ի՞նչ բանի ենք սպասում,— պատասխանեց նա։

Ես ցույց տվեցի՛ ահարկու գետը։

— Անցնենք գետը,— կրկնեց նա մի առանձին վստահությամբ։

— Դուք չե՞ք վախենում։

— Ինչի՞ց պետք է վախենամ։

Ես հայտնեցի նրան, թե այն տեղը, թեև գետի ծանծաղ տեղերից մեկն է, այսուամենայնիվ բավական խորն է։