Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/555

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ես, ճշմարիտ է, լողալ չեմ իմանում,— ասաց նա,— բայց ձին խո իմանում է, լողալով կտանե և կհանե ինձ մյուս ափի վրա։

— Բայց դրա համար պետք է բավական քաջություն ունենալ, պետք է սրտի և հոգու քաջություն ունենալ, չշփոթվել, չմոլորվել և կարենալ իրան ձիու վրա պահել։

— Կարող եմ,— ասաց նա։ Հետո ավելացրեց,— միևնույն չէ՞, ես ուզում էի սպանել ինձ։ Եթե աստված կամենում է, որ ես կենդանի մնամ, նա ինձ կօգնե և ոչ մի վտանգ չի պատահի։ Իսկ եթե հասել է իմ կյանքի վախճանը, ավելի լավ է, որ այդ մաքուր գետը լինի իմ գերեզմանը։

Հավատը, մի այսպիսի ջերմ հավատը` նախախնամության տնօրինության վրա, միակ և ամենահաստատ գրավականն էր, որ ինձ առիթ տվեց մտածելու, թե օրիորդը չի կորցնի յուր հոգու քաջությունը և երկյուղից չի շփոթվի։ Եվ այդքանը բավական էր կատարյալ հաջողություն սպասելու համար։ Բավական էր, ասում եմ, այն պատճառով, որ եթե նա կկարողանար իրան ձիու վրա պահել, ձին այնքան ուժեղ էր և վարժված, որ առանց դժվարության կարող էր լողալով դուրս տանել նրան մյուս ափի վրա:

Այսուամենայնիվ, սպասելիք վտանգը մեծ էր։ Ես բռնեցի օրիորդի ձիու սանձը իմ ձեռքում և պատվիրեցի նրան, որ յուր ձին էլ կառավարելու համար ամենևին հոգ չտանե, միայն երկու ձեռքով պինդ բռնե թամքից և աշխատե, որ ոտները դուրս չպրծնեն ասպանդակներից։ Իսկ ես իմ ձին առաջ քշեցի, նրա ձիուն իմ հետևից քաշ տալով։ Երբ նրա ձին առաջին ոտները դրեց ջրի մեջ, ես նկատեցի, որ օրիորդը խաչակնքեց յուր դեմքը և լուռ աղոթում էր։ Մենք սկսեցինք առաջ գնալ։ Ջուրը հազիվ հասնում էր մինչև ձիաների կուրծքը։ Օրիորդը սկսեց մինչև անգամ ծիծաղել իմ վրա, թե ինչո՞ւ ես այնքան չափազանցորեն նկարագրեցի գետի ահավորությունը։ Բայց ես զգուշացնում էի նրան, թե կարող են պատահել և ավելի խոր տեղեր։

Երասխի ծանծաղուտները այնքան վտանգավոր չեն, մանավանդ ամառը, երբ ջուրը փոքրանում է։ Գյուղացիները մինչև անգամ ոչխարների հոտեր են անցկացնում։ Միայն պետք է ճանաչել այն տեղերը, ուր նշանավոր խորություններ չեն պատահում։ Իմ ընտրած տեղը ամենասովորական տեղն էր, ուսկից անց էին կենում այն տեսակ մարդիկ, որ չէին ցանկանում սահմանապահ ղարավուլների հանդիպել։ Բայց ո՞վ կարող է նախագուշակել, թե գետը ամեն ժամ, ամեն օր ինչ հեղեղություններ է կատարում յուր