Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/557

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց ես իմ խռովության խորին տագնապի մեջ սկզբում ոչինչ չէի լսում։ Նա կանչում էր։ Նա կանչում էր. «դո՛ւրս եկեք, դո՛ւրս եկեք... դեպի այս կողմը»։

Իմ ուժերը բոլորովին սպառված չէին, միայն օրիորդի կորուստը մահվան չափ տանջում էր ինձ։ Ես սկսեցի ալիքները պատառելով լողալ դեպի կոչող ձայնը։ Երբ դուրս եկա ափի վրա, իմ ուրախությանը չափ չկար։ Օրիորդը այնտեղ նստած էր և կոչող մարդը կանգնած էր նրա մոտ։- «Դու այժմ փրկված ես»... մի աոանձին բերկրությամբ ասում էր նրան, որպես մի մարդ, որ խորին բավականություն էր զգում, որ ազատել էր մի կյանք։ Հետո դարձավ նա դեպի ինձ, ասելով.

- Դու բավական քաջությամբ կռվում էիր ջրի հետ, ես համոզված էի, որ դու դուրս կգաս, այդ պատճառով քո մասին հոգ չտարա։

Արևը դեռ նոր մայր էր մտել, դեռ բավական լույս կար։ Երասխի գետաձորի մեջ մշտական քամին սաստիկ սառն է լինսւմ. մանավանդ երեկոյան պահուն։ Օրիորդը թրջված հագուստի մեջ ամբողջ մարմնով դողում էր։ Անծանոթ բարերարը առաջարկեց ինձ՝ տանել նրան մերձակա գյուղը՝ տաքացնելու և հագուստները չորացնելու համար։ Սանամը ոչինչ չէր խոսում, նա գտնվում էր մի տեսակ տենդային դրության մեջ։ Բայց անծանոթի առաջարկությունը ինձ անգործնական երևաց։ Մենք փախստականներ էինք. անխոհեմություն կլիներ մեր կողմից մտնել բնակությունների մեջ. Թեև այդ մասին ես ոչինչ չհայտնեցի անծանոթին, բայց, կարծես թե, նա մի բան նշմարում էր: Օրիորդը, թեև ծածկված էր տղամարդի հագուստի մեջ, բայց նրա գդակը ջրի հոսանքի հետ գնալով, գլուխը մնացել էր բաց, և մազերի երկայն հյուսերը թափվել էին թիկունքի ու կուրծքի վրա։ Այդ կասկածանքի մեջ ձգեց անծանոթին։ Ես աշխատեցի փարատել նրա կասկածը, ասելով, որ «նա այսինչ խաչի «ղուլն» է, մայրը ուխտել է, որ մինչև քսան տարեկան հասակը մազերը չկտրվեն»։

— Այդ ինձ շատ չէ հետաքրքրում,— պատասխանեց նա,— բայց դրան հարկավոր է շուտով մի տաք տեղ, եթե ոչ իսկույն տենդ կստանա։

— Ի՞նչ ազգից են այն գյուղացիները,— հարցրի ես։

— Հայեր են,— պատասխանեց Նա։

Երբ պատրաստվեցանք գնալ դեպի գյուղը, ես նոր նկատեցի, որ մեր ձիաները կորած էին։ Անծանոթը ասաց, որ նրանք դուրս