Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/558

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եկան գետի մյուս ափի վրա։ Կորուստը շատ զգալի էր։ Փախստականը առանց ձիաների ու՞ր կարող էր գնալ։ Կրկին լողալով անցնել գետը և որոնել ձիաներին շատ դժվար էր. նախ, այն պատճառով, որ ես չէի կարող մենակ թողնել օրիորդին, երկրորդ, ոչինչ հավանականություն չկար, թե կարելի կլիներ գտնել նրանց։ Ձիաները այնքան սովորած էին եկած ճանապարհին, եթե մի օտար մարդ չբռներ նրանց, ուղղակի կդիմեին իրենց տիրոջ տունը։

Երբ անծանոթը նկատեց իմ շվարած գրությունը, ասաց․

— Գնանք, ձիաների մասին կմտածենք հետո։

— Ի՞նչ կարող ենք մտածել,— հարցրի ես։

—Գյուղից ուրիշ մարդիկ կուղարկենք, որ որոնեն նրանց։

Գյուղը շատ հեռու չէր, մութը դեռ նոր էր պատել, երբ հասանք այնտեղ։ Անծանոթը չբաժանվեցավ մեզանից, որպես երևում էր, նա յուր առաքինությունը կամենում էր մինչև ծայրը հասցնել։ Իմանալով, որ մենք օտարականներ ենք, նա հոգ տարավ մեզ համար գիշերելու օթևան ևս գտնել։

— Ես էլ այստեղ օտար եմ,— ասաց նա,— ձեզ կտանեմ միևնույն տունը, ուր ես մի քանի օր կացել եմ։ Նրանք բարի և հյուրասեր մարդիկ են։

Օրիորդը հազիվ էր շարժվում սոսկալի դեպքը խլել էր նրանից ամեն զորություն։ Հենած իմ թևքի վրա, դժվարությամբ փոխում էր նա յուր դողդոջուն քայլերը։

Տունը, ուր տարավ մեզ անծանոթը, գյուղի նշանավոր անձինքներից մեկի տունն էր։ Մեզ պատահած դժբախտության տեղեկությունը բավական էր, որ հրավիրեր բոլորի կարեկցությունը մեզ վրա։ Այդ պատճառով մեր փախուստի մասին ոչինչ չխոսեցինք։ Օրիորդին պետք էր հանգստություն, պետք էր ջերմացնել սառած մարմինը։ Իսկույն մի առանձին սենյակում տաք անկողին պատրաստեցին։ Նա խնդրեց ինձ օգնել իրան, որ հանե թրջված հագուստը։ Ես մյուսներին հեռացրի, որպեսզի չնկատեն, թե նա աղջիկ է և ոչ տղա։ Վիշտը, ցավը, հիվանդոտ դրությունը խլել էին նրանից կանացի պարկեշտության այն զգուշությունները, որով կինը չէր ներում մի օտար տղամարդին շոշափել յուր մարմինը։ Բայց այն դրության մեջ նա նայում էր իմ վրա որպես յուր աղախիններից մեկի վրա։ Եվ իմ զգացմունքները այնքան մաքուր էին, որ օրիորդը չէր սխալվում յուր մտերմության մեջ։ Նրա՝ անկողին տանելուց հետո ես չհեռացա նրա կշտից, մինչև տաքացավ և ջերմ քրտինքը պատեց ճակատը։ Քունը շուտով տիրեց