Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/559

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրան, բայց տենդային և անհանգիստ էր քունը։ Բորբոքված երևակայությունը դեռ արթուն էր: Երկար նա տանջվում էր սոսկալի երազներով, և երբեմն խոսում էր խառն զառանցությունների մեջ։ «Թեկուզ սպանեք, թեկուզ կտրատեք, պարսիկի կին չեմ դառնա»... այդ խոսքերը մի քանի անգամ լսելի եղան նրա բերնից։

Գիշերը ես մնացի նույն սենյակում, ուր պառկած էր օրիորդը։

Մի անգամ միայն մտավ ինձ մոտ անծանոթը և հարցրեց օրիորդի դրությունը։ Տանեցիներից ուրիշ ոչ ոք չխանգարեց նրա հանգստությունը։

Առավոտյան օրիորդը իրան լավ էր զգում, վեր կացավ և առանց իմ օգնության հագնվեցավ։ Ես միայն ջուր տվի լվացվելու։ Նրա վիճակը ինձ այն աստիճան զբաղեցրել էր, որ դեռ ուշադրություն չէի դարձրել, թե ո՞րտեղ ենք գտնվում, կամ ո՞վ է մեր հյուրընկալը։ Ես մինչև անգամ իմ շնորհակալությունը դեռ չէի հայտնել անծանոթին, որ օրիորդի կյանքը ազատեց խեղդվելուց, և դեռ չգիտեի թե ինչ դիպվածով պատահեց նա գետի ափի մոտ, երբ մենք ենթարկվեցանք սոսկալի վտանգին։

Առավոտյան անծանոթը կրկին մտավ մեզ մոտ։ Մեծ եղավ իմ զարմանքը, երբ նկատեցի, որ այդ մարդը ծանոթ էր ինձ։ Դա միևնույն ճգնավորն էր, որին իմ պատանեկության հասակում տեսել էի Որոտնա վանքում։ Այո՛, նույն ճգնավորը, երկու ականջների ծայրերը կտրած, բազուկները և ձեռքի երեսը դրոշմած Երուսաղեմի ուխտավորի նշաններով։ Իսկ այժմ նա աշխարհականի հագուստ ուներ։ Թեև այդ հագուստի մեջ ևս պահպանել էր յուր բարձր առաքինությունը։ Տեսնելով օրիորդին առողջ, չափազանց ուրախացավ նա, և մի առանձին կարեկցությամբ մոտեցավ, նստեց մեզ մոտ։ Երևում էր, մեզ հետ առանձին խոսելիք ուներ, այդ պատճառով պատվիրեց ինձ սենյակի դուռը փակել և ոչ ոքի ներս չընդունել։

— Ես այստեղացի չեմ,— ասաց նա,— ես էլ ձեզ նման օտարական մարդ եմ այս գյուղում։ Այսօր պետք է հեռանամ այստեղից Ես եկա ձեզ մոտ հարցնելու, արդյոք այլևս հարկավոր չեմ լինի ձեզ։ — Ձեր կատարած գործը այնքան մեծ է, որ մենք իրավունք չունենք ավելին պահանջել ձեզանից,— պատասխանեցի ես— Մեզ մնում է միայն շնորհակալ լինել ձեր առաքինության համար։

— Այդ ավելորդ է,— ասաց նա համեստությամբ։— Ես արել եմ այն, ինչ որ ամեն մարդու պարտքն է անել, երբ տեսնում է