Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/560

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դժբախտություն։ Բայց դուք այն ասացեք, արդյոք մի որևիցե այլ բանում պետք եմ ձեզ թե ոչ։ Ես սիրում եմ պարզ խոսել, ավելի լավ կլինի, որ դուք ևս բոլորովին անկեղծ լինեք ինձ հետ...։

Վերջին խոսքերը ինձ կասկած պատճառեցին, երևում էր, որ նա փոքրիշատե տեղեկություն ուներ մեր գաղտնիքի մասին։ Ես պատասխանեցի․

— Մենք չենք կարող անկեղծ չլինել դեպի մի բարերար, որ այնքան մեծ զոհաբերություն հանձն առեց ազատելու մի կյանք։

— Մի օրիորդի կյանք...,— կրկնեց նա խորհրդավոր ձայնով:

Ես մնացի շվարած։ Ո՞րտեղից գիտեր նա, որ տղամարդի հագուստով ծպտյալ պատանին օրիորդ էր։ Նա պատասխանեց.

— Օրիորդին ջրից հանելու ժամանակ ես արդեն հասկացա, որ նա տղամարդ չէ։ Նրա մի այսպիսի ծպտյալ դրությունը առիթ է տալիս ինձ մտածելու, որ ձեր վարմունքի մեջ թաքնված է մի գաղտնիք։ Դուք չեք սխալվի, եթե այդ գաղտնիքը կհայտնեք ինձ։ Գուցե ես կարող կլինեմ դարձյալ օգնել ձեզ։

Օրիորդը, որ բոլոր ժամանակը լուռ լսում էր, ընդհատեց մեր խոսակցությունը, ասելով,

— Ես գաղտնիք չեմ պահի մի մարդուց, որը ազատեց իմ կյանքը։— Եվ սկսեց նա մի ըստմիոջե պատմել, թե ինքը ո՛ւմ աղջիկն է, պատմեց յուր հոր անգութ վարմունքը, որ իրան ուզում էր բռնությամբ մահմեդական խանին տալ և ինքը այդ բարբարոսությունից ազատվելու համար ստիպվեցավ փախուստի մեջ փրկություն որոնել և այլն։

Անծանոթը խորին ցավակցությամբ լսում էր։ Երբ օրիորդը ավարտեց, ասաց նա.

— Որքան ցավալի է ձեր պատմությունը, հարգելի օրիորդ, այնքան գովելի է ձեր արիությունը, որով պատերազմեցիք կոպիտ բռնության դեմ և բարի օրինակ դարձաք շատերի համար։ Հիմա աղջիկներ մահմեդականների խաներին տալը այն սովորական կաշառքներից մեկն է համարվում, որով չարամիտ մարդիկ ձգտում են այս և այն նպատակին հասնել։ Դա վատ է, դա շատ վնասակար է։ Ձեր պատմությունը ավելի և ավելի գրավեց իմ կարեկցությունը։ Ես ուրախ եմ, որ դեռևս մի փոքրիկ ծառայություն կարող եմ անել ձեզ։

— Բավական է, ինչ որ արեցիք,— պատասխանեց օրիորդը։

— Ոչ, բավական չէ, — պատասխանեց նա հանդարտությամբ։— Դուք այժմ գտնվում եք ռուսաց հողի վրա, դուք փախստական եք