Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/561

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պարսից երկրից, դուք անցել եք այս կողմը առանց անցագրի,— այդ բոլորը ձեզ խիստ դժվարին դրության մեջ է դնում։ Ձեր հայրը այնքան ազդեցության տեր մարդ է, բավական է, որ նա գրե այստեղի կառավարությանը, ձեզ իսկույն կբռնեն և հետ կուղարկեն, որովհետև դուք փախստական եք, դուք անցագիր չունեք։ Այդ լավ է, որ դուք տղամարդի կերպարանքի մեջ եք մտել, բայց այդ բավական չէ ձեր ապահովության համար։ Դուք դեռ գտնվում եք պարսից սահմանի մոտ, պետք է հեռանալ այստեղից և շուտով հեռանալ։ Բայց այդ դժվար կլինի ձեզ, որովհետև դուք կորցրեցիք ձեր ամենակարևոր դյուրությունները,— ձեր ձիաները։ Ես գիշերը այս մասին մտածում էի, մի քանի լավ լողացողներ ուղարկեցի, անցան գետը որոնելու ձեր ձիաները, բայց առավոտյան լուր բերեցին, որ չգտան նրանց։ Դուք առանց ձիաների ոչ մի տեղ գնալ չեք կարող։ Ձեզ պետք է շուտափույթ կերպով տեղափոխվել մի տեղից մյուս տեղ, իսկ այդ առանց ձիաների անկարելի է։

Նրա նկատողությունները ուղիղ էին։ Մեր դրությունը խիստ դժվարին էր։ Մենք զուրկ էինք ամեն միջոցներից, որ մեր պետքերը հոգայինք։ Մեր փախուստը այնքան անակնկալ և անպատրաստ կերպով կատարվեցավ, որ ապագա պետքերի մասին ամենևին չմտածեցինք։ Մենք մինչև անգամ այնքան փող չունեինք, որ մեզ համար հաց գնեինք ուտելու։

— Ես,— շարունակեց նա,— բոլորը հոգացել եմ։ Ես վարձեցի ձեզ համար երկու ձիաներ, որոնց տերը կտանե ձեզ ուր որ կամենաք։ Միայն խորհուրդ կտայի, որ անցնեիք Ղափանի կողմերը․ այնտեղ ժողովուրդը բարի է, ամեն տեղ կընդունեն, ամեն տեղ կպահպանեն ձեզ։ Դուք ժամանակ չի պիտի կորցնեք, հենց այսօր, հենց այս առավոտ պետք է ճանապարհ ընկնեք։ Օրիորդը այնքան առողջ է, որ կարող է շարունակել ճանապարհորդությունը։ Ես հոգացել եմ ինչ որ պետք է ճանապարհի համար։ Ձեզ պակաս է մի բան, որ ամեն տեղ կպահանջեն ձեզանից։ Ես անցագրի մասին եմ խոսում։ Ես կտամ ձեզ երկու անցագրեր։ Օրիորդը թող մնա յուր ծպտյալ կերպարանքի մեջ, որպես և է, միայն տղամարդ ձևանալով, պետք է ընդունե մի տղամարդի անուն։ Իսկ դուք, —դարձավ դեպի ինձ,— նույնպես պետք է փոխեք ձեր անունը։

Վերջացնելով յուր պատվերները, հանեց նա յուր ծոցից երկու պարսկերեն անցագրեր, մեկը տվեց ինձ, մյուսը օրիորդին, հայտնելով, որ մենք կրենք այնուհետև նրանց մեջ նշանակված անունները։