Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/562

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բոլոր ժամանակը խոսում էր նա մի այնպիսի եղանակով, կարծես մեր վաղեմի բարեկամը կամ մտերիմ խորհրդակիցը լիներ։ Գլուխը դեպի ցած խոնարհած, կիսաբաց աչքերով խիստ հազիվ անգամ նայում էր մեր երեսին։ Բայց մի խորհրդավոր վեհություն, առաքինական խիստ ազդու արտահայտություն նշմարվում էր նրա պատկառելի դեմքի վրա։ Ես աստուծո մի առանձին ողորմությունն էի համարում, որ մեր նեղ դրության մեջ ուղարկեց մի այնպիսի օգնական։ Բայց օրիորդը այնքան հպարտ էր, որ շատ դժվար եղավ համոզել նրան, որ ընդունե մի օտար և անծանոթ անձից այս տեսակ բարերարություններ։ Բայց անհրաժեշտ կարիքը նրան ևս ստիպեց հաշտվել հանգամանքների հետ։

Երբ ամեն ինչ պատրաստ էր, մենք սենյակից դուրս եկանք։ Մեր հյուրընկալը բարեմաղթությամբ ճանապարհ դրեց մեզ, իսկ անծանոթը բավական տեղ եկավ մեզ հետ։ Օրիորդը նստած էր ձիու վրա, իսկ ես անծանոթի հետ գնում էի ոտով։ Իմ ձին բերում էր մեր ետևից չարվադարը։

Ինձ բոլորովին չէր զարմացնում այն միտքը, թե ինչո՞ւ կամ ի՞նչ պատճառներից դրդված այդ մարդը ընդունում էր այնքան խորին կարեցկություն մեր դրության մեջ։ Բավական էր, որ ես գիտեի, թե նա մի ժամանակ ճգնավոր է եղել, թե աստծուն նվիրված մարդիկ միշտ պատրաստ են օգնել, բարիք գործել, երբ տեսնում են թշվառություն, երբ տեսնում են կարոտություն։

Բայց ես տակավին տարակուսության մեջ էի գտնվում, իմ կասկածը բոլորովին փարատված չէր, թե արդյո՞ք դա միևնույն անձնավորությունն էր, որին իբրև ճգնավոր մի ժամանակ տեսել էի Որոտնա վանքում, թե ես սխալվում էի չափազանց ճիշտ նմանությունների մեջ։

Բավական տեղ մեզ ճանապարհ դնելուց հետո, երբ կամենում էր նա բաժանվել մեզանից, ես հարցրի.

— Մենք չի՞ պիտի գիտենանք, թե ումից պետք է շնորհակալ լինենք այսքան բարությունների համար։

Նա սառնությամբ պատասխանեց.

— Կարծեմ, մի առանձին հարկավորություն չկա այդ գիտենալու։

— Այսուամենայնիվ, ինձ շատ ցանկալի էր գիտենալ, թե դուք ո՞վ եք։

— Եթե այդ ձեզ որևիցե օգուտ կբերեր, ես կասեի ձեզ։

Ես ուղիղ նայեցի նրա երեսին, ասելով.