Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/564

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մարդ էր, գիտեր, թե ի՛նչպես պետք էր վարվել աշխարհի հետ։ Ես ինքս վկա էի եղել շատ գործերի, որոնց մեջ նա ցույց էր տվել թե՛ յուր վերին աստիճանի առաքինությունը և թե յուր վերին աստիճանի անգությունը։ Ես տեսել էի նրան բարեսիրտ, որպես աղավնի, և նենգավոր, որպես օձ։ Այդ մարդը, որի հետ տարիներով ապրել էի, գործել էի, ինձ համար ևս մնացել էր որպես մի մթին հանելուկ։ Ես հասկանալ չէի կարողանում, թե ի՛նչպես չարն ու բարին, առանց միմյանց հետ հակառակելու, հաշտվում էին նրա մեջ։ Բայց հավատացած էի, որ նա ամենայն անկեղծությամբ, ամեն տեսակ զոհաբերություններ հանձն առնելով, եկել էր ինձ ազատելու իմ թշվառ դրությունից։ Բայց ես կարո՞ղ էի կրկին անձնատուր լինել մի մարդու, որ որքան բարի էր, նույնքան ևս չար էր։— Այդ հարցը դարձյալ մնաց իմ սրտում անվճիռ.․.։

Դ

ՉՈՐՐՈՐԴ ԳԻՇԵՐ

— Դու այն պատմիր, թե ինչո՞ւ են կոչում քեզ ավազակապետ և ո՞րտեղ ընկար դատապարտյալների հասարակության մեջ,— հարցրի ես չորրորդ գիշերը, երբ բավական հանգստացել էինք ցերեկվա ծանր աշխատությունից։

Ավազակապետը շարունակեց․

«Մեր անծանոթ բարերարի վարձած ձիաներով անցանք Մեղրիի գավառը։ Այստեղ ճանապարհները այն աստիճան քարքարոտ են և լեռնային ելևէջները այն աստիճան սարսափելի են, որ անկարելի է ձիով ման գալ։ Մենք ստիպված էինք մեր ձիաները փոխել և վարձել ջորիներ։ Այդ խորամանկ անասունները սովոր են լեռնային քարքարոտներում ման գալ։ Սկզբում Սանամը դժվարությամբ հոժարեցավ ջորիի վրա նստել։ Ղարաբաղի մելիքի աղջիկը սովորած էր սիգապանծ նժույգների, կարծես ամաչում էր, որ ստոր անասունների վրա հեծած տեսնեին նրան։ «Ինձ այլևս ո՞վ է ճանաչում»․․.— ասաց նա և մի առանձին մտերմությամբ խնդրեց ինձանից օգնել իրան, որ հեծնե։ Ես զարմացա։ Սանամը, որ ծտի նման ձիաների վրա թռչել գիտեր, ինձանից օգնություն էր խնդրում։ Երբ փոքր֊ինչ առաջ գնացինք, ասաց նա ․