Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/565

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Վերջին ժամանակներում շատ ուժաթափ եղա․․․։

Նրա ձայնի մեջ լսվում էր խորին տխրություն և սրտի դառն կսկիծ։

— Դուք այս առավոտ ոչինչ չկերաք,— ասացի նրան,— կարելի է քաղցածությունից լինի։

— Ոչ,— պատասխանեց նա։— Շատ անգամ սուրբ Սարգսի պասին երկու կամ երեք օրով ծոմ էի պահում, ոչինչ չէի ուտում, բայց երբեք ուժաթափ չէի լինում։

— Երևի, գետը ձեզ վրա վատ տպավորություն գործեց,— նկատեցի ես։

— Ոչ։ Այն մարդը շուտ վրա հասավ, ես դեռ բոլորովին ջրի տակ չէի գնացել, որ ազատեց ինձ։ Ա՛խ, երանի թե գիտենայի ով էր այդ մարդը։ Երևում է՝ որ աստված մեզ հետ է։ Նա ուղարկեց այդ մարդուն մեզ օգնելու համար։

Վերջին խոսքերը մխիթարում էին նրան և ավելի ամրացնում էին նրա հավատը, որ խիստ վառ էր օրիորդի մեջ։

Չնայելով, որ ջորիները դանդաղ էին ընթանում, դարձյալ մենք այն օրը անցանք բավական ճանապարհ։ Գնալով լեռների միջով, շատ անգամ ստիպված էինք անցնել այնպիսի վտանգավոր տեղերից, ուր անձնավստահ որսորդները միայն ոտք են կոխում, այն ևս խիստ հազիվ անգամ։ Զառիվայրների դժվարությունը երբեմն ստիպում էին մեզ ցած իջնել ջորիներից և, ապառաժների վրայով մագլցելով, առաջ գնալ։ Սանամը բոլորովին հոգնած էր, հազիվհազ կարողանում էր իրան ոտքերի վրա պահել։ Ես մի քանի անգամ առաջարկեցի բռնել նրա ձեռքից, օգնել նրան, բայց ամեն անգամ մերժում ստացա։ Նա դեռ խորշում էր ինձանից, նա այնքան հպարտ էր, որ դեռ նայում էր իմ վրա որպես յուր հոր տան ծառաներից մեկի վրա։ Ես դեռ նրա մտերիմ, անձնվեր բարեկամը չէի։

Երբ բարձրացանք սարերի վրա, արևը արդեն սկսել էր թեքվել դեպի յուր երեկոյան մուտքը։ Ստորոտներում տոթը խեղդում էր, իսկ այստեղ ցուրտը մրսեցնելու չափ զգալի էր։ Ջորիներից ցած իջանք, նստեցինք փոքր-ինչ հանգստանալու։ Ես առաջարկեցի օրիորդին փաթաթվել իմ վերարկուի մեջ. նա հոժարությամբ ընդունեց, որովհետև վերարկու չէր առած յուր հետ։ Հետո տվեցի նրան մի բան ուտելու, նա բոլորովին կազդուրվեցավ և գտնվում էր բավական խաղաղ տրամադրության մեջ։