Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/567

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բարվոք էր համարում գիշերը անցկացնել նրանց տաղավարների մեջ, քան թե բացօթյա մնալ։ Բայց միևնույն ժամանակ ակնարկեց նա, որ այդ հովիվները փոքր-ինչ կասկածավոր մարդիկ են, ավազակներ են։

— Եթե ոզում ես ավազակից անվնաս մնալ, պետք է ավազակի տունը գնալ,— պատասխանեցի ես։

Ուրիշ հնար չկար. գիշերը բացօթյա դրսում մնալը կարող էր վնասակար ազդեցություն ունենալ օրիորդի առողջության վրա։ Մենք ոչինչ պատրաստություն չունեինք մեզ հետ, ինչ էլ որ ունեինք, կապած էին մեր ձիաների վրա, բայց Երասխից անցկացնելու միջոցին պատահած վտանգի ժամանակ ձիաները իրանց հետ տարան։ Ես վճռեցի գնալ հովիվների մոտ, մանավանդ որ օրիորդի ցանկությունն էլ հենց այդ էր։

Մութը բոլորովին պատել էր, երբ հասանք նրանց ամառանոցին։ Ոչխարները մակաղել էին բնակությունից հեռու, առանձին հանգրվաններում, իսկ տաղավարների մոտ խմբվել էին ավելի խոշոր անասունները՝ ձիաներ, կովեր, եզներ և այլն։ Տեղ-տեղ վառվում էին խարույկներ, որոնց շուրջը խոտերի վրա՝ նստած էին ալևոր մարդիկ, ծխում էին, խոսում էին, իսկ կնիկները մի բան էին եփում ընթրիքի համար։ Խարույկների աղոտ լուսով այդ լեռնականների կերապարանքները ավելի մռայլ կերպով նշմարվում էին գիշերային մթության մեջ։ Երիտասարդները զբաղված էին իրանց նժույգներով, քորում էին, մաքրում էին նրանց մարմինը և ծածկում էին թաղիքներով, որ գիշերը չմրսեն։ Իսկ նրանց ծերունի հայրերը դեռ չէին ավարտել իրենց երեկոյան աղոթքը, բաց երկնքի տակ, մերկ գետնի վրա չոքած, լուռ աղոթում էին։ Տիրում էր ընդհանուր լռություն, երբեմն հեռվից լսելի էին լինում խուլ ձայներ, որոնում էին որևիցե կորած անասուն։

Շները ահագին աղմուկ բարձրացրին, երբ մոտեցանք նրանց տաղավարներին։ Հովիվներր խռովության մեջ ընկան, ամեն կողմից վազեցին, որ տեսնեն, թե ի′նչ մարդիկ ենք։ Մեր ջորեպանը, որ ծանոթ էր նրանց սովորություններին, առաջ գնաց, հայտնեց, որ ճանապարհորդներ ենք, գիշերելու օթևան ենք խնդրում։ Նրանք հանգստացան և ամեն կողմից սկսեցին հրավիրել մեզ իրանց տաղավարները։ Որպեսզի ոչ ոքին վիրավորած չլինենք, մենք իջանք առաջին հանդիպած տաղավարի առջև։ Այստեղ, կարծես, վաղուց սպասում էին մեզ, երկու պատանիներ դուրս վազեցին, բռնեցին մեր ջորիները և մեզ ներս տարան։