Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/568

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մեր բախտից տաղավարը, որ վիճակվեցավ մեզ, պատկանում էր խաշնարածների բավական նշանավոր և հարուստ ընտանիքներից մեկին։ Ընտանիքի հայրը մի ծերունի էր, բայց դեռ ժիր և աշխույժ, կարծես տարիների բոլոր ջանքերը իզուր էին անցել խլելու նրա մարմնի ամրությունը և սրտի զվարթությունը։ Նա խիստ սիրով ընդունեց մեզ, հայտնեց յուր ուրախությունը և հրավիրեց նստել յուր մոտ։ Նա բնավ հարցուփորձ չարեց, թե ով էինք մենք, որտեղից էինք գալիս կամ ո՞ւր էինք գնում։ Դա նրանց սովորությամբ մի տեսակ վիրավորանք էր հյուրի համար։ Բավական էր, որ մենք նրա տաղավարի ծածկի տակ էինք գտնվում, և այդ րոպեից նրա գերդաստանի անդամներից մեկն էինք համարվում։

Այդ լեռնաբնակները, դեռ պահպանված լինելով նահապետական պարզության մեջ, ազատ էին մնացել կրթված աշխարհի կեղծ քաղաքավարության ձևերից։ Երբ իմացան մեր հայ-քրիստոնյա լինելը, ավելի մտերմացան մեզ հետ։ Ամենայն բարեսրտությամբ խոսում էին, ծիծաղում էին, և ամեն կերպով աշխատում էին գոհացնել մեզ, որ ոչինչ պակաս չլինի մեզ համար։ Մեր հյուրընկալը առանձին ուշադրություն էր դարձնում մեր զենքերի վրամ մեկ-մեկ վեր էր առնում, ճրագի լույսի առջև զննում էր, և յուր հմտությունը զենքեր ճանաչելու մեջ ցույց տալու համար, ասում էր, թե որը ի՛նչ գործարանի կամ ի՛նչ ժամանակի գործ էր։ Հին զենքերը հարգի էին դրանց մոտ։ Զենքերից նա գաղափար կազմեց մեր ի՛նչ դրության կամ ի՛նչ աստիճանի մարդիկ լինելու մասին։ Հասարակ մարդիկ չէին կարող ունենալ այս տեսակ հարուստ զենքեր։ Այդ րոպեից նրա հարգանքը ավելի ևս բազմացավ մեր վերաբերությամբ։

Ընթրիքը երկար չտևեց։ Լեռնաբնակները շուտ ե՛ն ուտում, և կերակուրների տեսակները այնքան առատ չեն, որ շատ ժամանակ պահանջեն։ Ես մտածում էի օրիորդի հանգստության մասին, նա սաստիկ հոգնած էր։ Ծերունին նույնպես նկատեց, որ մեր խոսակցության միջոցին, նստած տեղում, նիրհում էր նա։ Բայց գերդաստանի հայրը երևակայել անգամ չէր կարող, թե մի ուրիշ արարած, որը հասակով փոքր էր իրանից, կարող էր հանգստության վրա մտածել, քանի որ ինք՛ը տակավին նստած էր, քանի որ ինքը դեռ քնելու ախորժակ չուներ։ Ամեն մարդ քնելու իրավունք ուներ՝ երբ նա արդեն քնած էր, ամեն մարդ ուտելու իրավունք ուներ՝ երբ նա արդեն կերած էր։ Ամեն բանի մեջ պետք է նա առաջինը լիներ, իսկ մյուսները հետևողներ։