Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/571

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեջ ևս գրկել էի հիվանդ մարմինը։ Իմ արտասուքը թրջում էր նրա բորբոքված դեմքը։ Ո՜րքան բարություն, ո՜րքան առաքինություն կար նրա անմեղ խոստովանության մեջ։ Մի թե ես կարող էի ընդունել նրանից մի այսպիսի զոհաբերություն։ Ես երևակայել անգամ չէի համարձակվում, որ նա իմ կինը չիներ։ Մի՞թե յուր սիրով պետք է վարձատրեր նա իմ մատուցած ծառայությունները, այն սիրով, որ ավելի բարձր, ավելի արժանավոր արարածների համար էր պահված։ Ես ուրախ էի, որ այդ բոլորը կատարվեցավ նրա քնած Ժամանակ։ Բայց իմ հպավորությունը արթնացրեց նրան, մռայլոտ աչքերը բաց արեց, նայեց իմ վրա։— «Դու այստեղ էիր..., — եղավ նրա առաջին հարցմունքը, հետո երեսը շուռ տվեց մյուս կողմը, սկսեց դառն կերպով հոգվոց հանել։ Այդ ի՜նչ տանջանք էր։ Անտարակույս, հիվանդության տանջանքը չի պիտի լիներ։ Երևի, նրա ազնվական արյունը հուզվում էր, որ երազի մեջ անգամ ինձ նման ռամկին արժանացրել էր յուր սիրույն։ Քանի րոպեից հետո նա կրկին երեսը շուռ տվեց դեպի իմ կողմը։ Արևը այդ ժամանակ դեռ նոր էր սկսել ծագել, և նրա աոաջին ճառագայթները շողշողում էին նրա վհատած դեմքի վրա։ Նա հրամայեց ցած թողնել տաղավարի մուտքի վարադույրը, որ ազատվի ճառագայթներից։ «Ուզում եմ մութ լինի... միշտ մութ, որ ինձ ոչ ոք չտեսնի»...։ Ես զարմացա, թե ինչն էր ստիպում նրան փախչել լույսից, արդյոք ամո՞թը, որ նա քնի մեջ արել էր մի անմեղ խոստովանություն։ Այդ ենթադրությունը ավելի հավանական երևաց ինձ, երբ հարցրեց նա. «Շա՞տ ժամանակ է, որ դու այստեղ ես»։ Շատ ժամանակ չէ, կես ժամ հազիվ կլինի, լսեցի, որ քո քունը անհանգիստ է, ներս մտա»։ — «Այո՝, ես անհանգիստ էի»... — ասաց նա և հրամայեց, որ իրեն միայնակ թողնեմ։ Ես դուրս եկա, նստեցի տաղավարի մուտքի մոտ։ Այնտեղ քնում էի ամեն գիշեր, այնտեղ ամբողջ գիշեր հսկում էի նրա վրա, այնտեղից լսում էի նրա դառն հառաչանքները, և իմ սիրտը լցվում էր կրակով։ Բայց այն առավոտ ո՞րքան երջանիկ էի զգում ինձ, ո՞րքան ուրախ էի ես, իմ հոգին վայելում էր անսահման բերկրություն։ Այն մի քանի խոսքերը, որ արտասանեց նա անգիտակցության մեջ, ինձ բաշխում էին աշխարհի բոլոր փառքերը։ «Երևի նա մտածում է իմ վրա, որ ես նրա երազների առարկան եմ դարձել»,— ասում էի ես և այսքանով միայն ինձ բոլորովին բախտավոր էի համարում։ Բայց ո՞վ կմտածեր, որ այդ բախտավորությունը երկար չէր տևի...։