Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/573

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ես ծերունու անկեղծության վրա կասկած չունեի։ Յուր բարեսրտությամբ նա այն աստիճան գրավել էր իմ վստահությունը, որ ես պատմեցի բոլորը ինչ որ գիտեի օրիորդի մասին, պատմեցի նրա հոր փառասիրության մասին, թե որպես պարսիկ խանի բարեկամությունը գրավելու համար՝ կամենում էր յուր աղջկան կնության տալ նրան, պատմեցի օրիորդի ընդդիմադրության մասին, որ չցանկացավ մահմեդականի կին դառնալ պատմեցի մեր փախուստը և այն բոլոր դժբախտ անցքերը, որ պատահել էին մեզ հետ ճանապարհին։ Ծերունին խորին ցավակցությամբ լսում էր։ Նրա խորշոմած դեմքի վրա նշմարվում էին բարկության և դառն ատելության ցնցումներ։

— Ես չեմ զարմանում խեղճ-աղջկա հոր անգթության վրա,— ասաց Նա, երբ ես վերջացրի,— ես ճանաչում եմ նրա հորը, նա յուր փառասիրության համար ամեն բան կանե, ամեն բան կզոհե։ Ես գովում եմ օրիորդի քաջությունը և ձեր անձնվիրությունը, որ հանձն եք առել ազատել նրան։ Բայց այդ թողնենք, խոսենք գավառապետի հրամանի վրա։ Ծերունու խոսքերից երևաց, որ իրանց տանուտերը, որին հրամայված էր որոնել մեզ, եթե տեղեկություն ստանար իմ ե օրիորդի մասին, իսկույն կմատներ կառավարության ձեռքը։

Իմ հուսահատությանը չափ չկար. ես գտնվում էի ամենաանելանելի դրության մեջ. չգիտեի՝ ի՛նչ հնար գտնել վտանգից ազատվելու համար, այդ պատճառով, երբ ծերունին հարցրեց, թե ի՞նչ պետք է անել, ես ոչինչ պատասխանել չկարողացա»։

— Եթե օրիորդը հիվանդ չլիներ, գործը շատ հեշտ էր,— ասաց նա փսքր-ինչ մտածելուց հետո։ — Ես ձեզ երկուսիդ ևս կուղարկեի Uիսիանի կողմերը, իմ բարեկամի մոտ, նա կպահեր ձեզ, մինչև հրամանը կհնանար և ամեն բան կմոռացվեր։ Բայց օրիորդի հիվանդությունը ինձ դժվարության մեջ է դնում...։

Նա դարձյալ մտածության մեջ ընկավ և ապա շարունակեց.

— Ռուսաց տիրապետությունից առաջ մեր կողմերի հայերը ես միևնույն դրության մեջ էին, ինչ դրության մեջ գտնվում են այժմ Պարսկաստանի հպյերը։ Պատահում էր՝ այս և այն խանը, այս և այն բեկը մի գեղեցիկ հայ աղջիկ էր տեսնում, իսկույն յուր ծառաներին ուղարկում էր և բռնությամբ տանում էր յուր տունը։ Ոչ մի ծնող համարձակություն չուներ հակառակելու։ Մի անգամ մահմեդականի տունը մտած աղջիկը այլևս այնտեղից դուրս չէր