Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/575

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Այդ միևնույն է սիրում է թե չէ սիրում,- ասաց նա,— բայց պետք է անպատճառ պսակել մեկի հետ, ուրիշ հնար չկա ազատելու նրան։

— Ո՞ւմ հետ։

— Հենց ձեզ հետ,— ասաց ծերունին ուրախ դեմքով։— Ձեր անձնազոհությունը օրիորդի վերաբերությամբ այնքան նշանավոր է, որ դուք արժանի եք նրա ամուսինը լինելու։

— Դա անկարելի բան է,— պատասխանեցի ես, — այդ մասին խոսելն անգամ ավելորդ է։ Դուք չեք ճանաչում օրիորդին, նա ուրիշ աղջիկների նման չէ, նա սեփական կամքի և խելքի տեր աղջիկ է, նրան չէ կարելի զոռով եկեղեցի տանել։ Մտածենք ուրիշ հնարների վրա։

Իմ խոսքերը շատ օտարոտի թվեցան ծերունուն, աղջիկը ևս կարող էր յուր սեփական կամքը և խելքը ունենալ, բայց, թեև շատ դժվարությամբ, այսուամենայնիվ, նա համաձայնվեցավ ինձ հետ չբռնադատել օրիորդին ամուսնության մասին և ուրիշ հնարների վրա մտածել։ Մենք երկար խորհեցինք, վերջապես ծերունին այն եզրակացության հասավ, որ օրիորդը պահվի յուր տանը, իսկ ես առժամանակ հեռանամ։— «Հիվանդին իմ տան ծածկի տակ թաքցնելը հեշտ է, բայց ձեզ կարող են նկատել»․..,— ասաց նա։

Բայց ես ո՞րպես կարող էի բաժանվել օրիորդից, ո՞ւմ հոգաբարձությանը հանձնեի նրան, միթե կարո՞ղ էիք հանգիստ լինել, եթե մի օր, մի ժամ, մի րոպե նրան չտեսնեի, կամ ի՞նչ ազդեցություն կաներ նրա հիվանդության վրա, եթե այդ բոլորը հայտնվեր նրան»։

— Ուրիշ հնար չկա,— կրկնեց ծերունին։ — Եթե օրիորդը առողջ ևս լիներ, ձեզ դարձյալ հարկավոր էր բաժանվել միմյանցից, որովհետև ձեզ երկուսիդ միասին տեսնելով՝ ավելի հեշտ կարող էին ճանաչել։

Ես իմ սրտի և զգացմունքների հետ կարող էի հաշտվել, բայց իմ բոլոր մտատանջությունը նրանումն էր, թե ի՞նչպես հայտնեմ օրիորդին, որ նրան միայնակ եմ թողնում։ Բայց մեծ եղավ իմ զարմանքը, երբ նրան հաղորդեցի մեր աննախանձելի վիճակը, նա խիստ սառնասրտությամբ ասաց ինձ․

— Դու շատ բան արեցիր ինձ համար, ավելին պահանջել քեզանից իրավունք չունեմ։ Դու, ո՛ւր որ կամենում ես, գնա, հեռացիր, գլուխդ ազատիր, ես կմնամ այստեղ։ Այժմ ինձ համար միևնույն է... կյանքը զզվացրել է ինձ...։ Եթե ինձ գտնելու և տանելու ևս լինեն