Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/579

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նայում էին քնած թշվառների վրա։ Ես նրանից ոչ այնքան հեռու պառկած էի իմ հարդյա անկողնի վրա, և իմ աչքերը հառած էին դեպի երիտասարդի տխրամած դեմքը, որ կրում էր յուր վրա հետքերը մի դժբախտ անցյալի...։

Նա լուռ էր, որպես միշտ։ Իսկ այն գիշեր մեծ եղավ իմ զարմանքը, երբ նրա ցամաք ու փակված շրթունքներից դուրս՝ հնչեց մի խուլ հառաչանք այդ երկու բառի հետ՝ «աստված իմ»...։ Ես մինչև այն օր չգիտեի նրա ինչ ազգից լինելը, բայց հանկարծ լսեցի նրանից հայկական բառեր։ Ես չկարողացա զսպել իմ սրտի գեղմունքը։

— Դարձյա՞լ մի հայ...,— բացականչեցի ես այնքան լսելի ձայնով, որ դեպի ինձ գրավեցի Համրի ուշադրությունը։ Նրա փակված լեզուն բացվեցավ և պատասխանեց ինձ հետևյալ խոսքերով.

— Ինչո՞ւ եք զարմանում, աշխարհի ո՞ր անկյունում չկա հայ: Արմատից խլված և ցամաքած բույսը տանում է քամին դեպի ամեն կողմ...։

Նա կրկին լռեց։

Կան անձնավորություններ, որոնց մի բառը, մի խոսքը բավական է, որ մարդ նրանց մասին գաղափար կազմե։ Համրի ասածը թեև շատ պարզ չէր, բայց բավական հատկանիշ էր նրա մթին ծածկամիտ բնավորությանը։ Ես մոտեցա, նստեցի նրա մոտ։

— Ուրեմն դուք հա՞յ եք,— հարցրի նրանից։

— Այո... — պատասխանեց նա։

Ես այն աստիճան զգածվեցա, որ ձեռքերս տարածելով խնդրեցի նրանից.

— Թույլ տվեցեք ձեր ազգակցին գրկել ձեզ։

— Կարծեմ մեր դրության մեջ ավելորդ են այս տեսակ քնքշություններ,— ասաց նա հրաժարվելով։

Նրա խոսքերը նույնքան սառն էին, որքան նրա դեմքը, բայց ինչո՞ւ այնքան ջերմ կերպով ազդում էին իմ սրտին։ Ես աշխատում էի շարունակել նրա հետ խոսակցությունը, բայց դժվարանում էի կապը պահպանել։

— Դուք այս գիշեր չեք քնում,— ասացի ես,— համարյա ամեն գիշեր նկատում եմ, որ դուք խիստ սակավ եք քնում։

— Այդ իմ իմ սովորությունն է։

— Երևի մի բան տանջում է ձեզ։

— Մեզ ուղարկել են այստեղ հենց տանջվելու համար։

— Այդ չեմ հարցնում, երևի մի ուրի՞շ բան կա։