Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/581

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրա տակից։ Այդ գործողությունը, որ ավելի հնարագիտության արդյունք էր, քան թե մարմնական ուժի, զարմացրեց մեզ։ Իսկ Համրը պարծենկոտության մի նշան անգամ չցույց տալով մնաց լուռ և սառն, որպես մեզ շրջապատող քարանձավը։ Այդ դեպքը ազդեց իմ մեջ մի առանձին հարգանք դեպի համեստ և միևնույն ժամանակ վերին աստիճանի բարի երիտասարդը։

Երեկոյան, մեր օթևանը վերադառնալու ժամանակ, ճանապարհին ես մի քանի անգամ փորձեցի խոսակցել նրա հետ, բայց միշտ ստանում էի այնպիսի կտրուկ պատասխաններ, որ դժվարանում էի խոսակցությունը շարունակել։ Այսպես մոտեցանք այն փողոցին, ուր գտնվում էին մեր ֆերմայի կրպակները։ Հեռվից նկատեցինք, մի տեղ խմբված էին մարդիկ, և բազմությունը դեպի այն կողմն էր վազում։ Մենք մտածեցինք, որ մի տարօրինակ բան պետք է պատահած լինի, և շտապեցրինք մեր քայլերը։ Երբ հասանք, անցքը շատ սովորական երևաց, երկու մարդիկ կռվում էին, և բազմությունը նրանց շուրջը հավաքված զվարճանում էր, թե ո՛րպես նրանք վայրենի կերպով ջարդում էին միմյանց կողքերը։ Ոմանք աշխատում էին բաժանել։ Մեկին, որ ավելի ուժեղ էր երևում, բռնեցին, իսկ մյուսը դուրս պրծավ նրա ճանկերից, «ազատեցե՛ք... օգնեցե՜ք»... գոչելով, փախավ և մոլորվածի նման մտավ մեր խումբի մեջ ապաստան որոնելու։ Մեր պահապանները մոտ վազեցին, որ սվիններով հեռացնեն նրան։ Բայց նա արդեն կպած էր իմ կուրծքին, ինձ պինդ գրկած ուներ, այնպես ձևացնելով, որ վախենում է յուր հակառակորդից։ «Նա ինձ կսպանե, նա աստված չունի»...,— ասում էր անդադար։ Այդ հանկարծակի դեպքից ես այն աստիճան շփոթվեցա, որ ամենևին չհասկացա, թե ի՛նչ փսփսաց նա իմ ականջին, միայն զգացի, որ նրա ձեռքը խիստ ճարպիկ կերպով սողաց իմ գրպանի մեջ։ Մեր պահապաները հեռացրին նրան, նրա վարմունքը շատ բնական համարելով, որովհետև խեղճի հակառակորդը այնքան ուժեղ էր, որ կարող էր բոլորովին խեղդել նրան։ Տեղային ոստիկանությունը վրա հասավ, խռովությունը հանդարտվեց, ամբոխը ցրիվ եկավ, իսկ մեր խումբը անցավ։

Ամբոխի համար դա փողոցային սովորական անցքերից մեկն էր, իսկ խաչագողի համար դա նոր բան չէր։ Ես ճանաչեցի, թե ո՛վ էր այն մարդը, ես հասկացա, թե ի՛նչ նպատակով էր սարքել այդ կռիվը, և վերջապես ես գիտեի, թե ինչո՛ւ մեր խումբի մեջ մտնելու միջոցին՝ ինձ միայն ընտրեց յուր պաշտպան և ուղղակի ինձ մոտեցավ։ Խաչագողները շատ անգամ փողոցներում, հրապարակների