Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/583

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այդ օրերում ես ավելի ընտելացա Համրի հետ, մանավանդ երբ ավազակապետը իմ մասին նրա ականջում մի քանի բաներ փսփսաց։ Տարակույս չունեի, որ վատ բան չէր խոսի իմ մասին։ Այնուհետև այդ երիտասարդը, որ առաջ խորշում էր ինձանից, բավական մտերմացավ ինձ հետ։

Մի օր միասին նստած էինք մեր արգելանոցի բակում, տաքանում էինք արեգակի ճառագայթներով։ Մեր առջև դատապարտյալները զանազան խաղեր էին անում, ծիծաղում էին, աղաղակում էին, հռհռում էին և լրբաբար բոթբթում էին միմյանց։ Տաժանակիրը յուր թշվառության մեջ դառնում է կատարյալ ստահակ։ Ամոթը, պատկառանքը և մարդկային բոլոր արժանավորությունները կորցնում է նա։ Օրենքը զրկում է նրան ամեն իրավունքներից, բայց նա ինքը զրկում է իրան բարոյական և հոգեկան բոլոր լավ հատկություններից։ Կարծես նա հետզհետե հաշտվում է այդ մտքի հետ՝ «ինձ համար վճռեցին, որ ես վատ եմ, անպիտան եմ, ես կշարունակեմ մնալ անպիտան, որովհետև իմ ուղղվելը կամ լավանալը երբեք չեն փոխի այն վիճակը, որին դատապարտված եմ»...։

Ես նայում էի այդ մոլեգնած ստահակների վրա։ Համրը ընկղմված էր մտածությունների մեջ. նա տխուր էր, որպես միշտ, տոները չէին ուրախացնում նրան։ Ես չգիտեի ի՛նչ առարկայի վրա խոսել նրա հետ։ Այդ մարդուն հանդիպելիս իմ լեզուն կապվում էր, ես նույնպես համր էի դառնում։ Ես ուրիշ խոսք չգտա և հիշեցրի նրա մի քանի օր առաջ կատարած քաջագործությունը քարանձավի մեջ։

— Ձեր արածը կատարյալ հրաշք էր,— ասեցի նրան։

— Միթե դուք հավատո՞ւմ եք հրաշքներին,— ժպտալով հարցրեց նա։

— Հավատում եմ։ Բայց ձեր գործը մարդկային ուժից բարձր էր։

— Մարդկային ուժը շատ և շատ բարձր է, քան ձեր տեսածը։ Նրա համեստությունր վիրավորվեցավ։ Ես տեսա, որ իմ նկատողությունները հաճելի չեն նրան, այդ պատճառով խոսքս փոխեցի, նրա ուշադրությունը դարձնելով մեր առջևում զվարճացող թշվառների վրա։

— Նայեցեք, ի՛նչպես են զվարճանում դրանք, կարծես թե խելագարներ լինեն, բոլորովին մոռացել են իրանց դրությունը։

— Ինչո՞ւ չզվարճանան, երբ թույլ են տալիս նրանց վայելել այդ փոքրիկ մխիթարությունը։