Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/584

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Մի քաղցր կաթի՜լ դժբախտության անսահման ծովի մեջ, ի՞նչ նշանակություն ունի այդ մի կաթիլը։

Նա ուղիղ նայեց իմ երեսին, կարծես զարմանում էր, որ ես էլ դատել գիտեմ, որ ես էլ իմ առանձին համոզմունքներն ունեմ։

Բակը ընդարձակ էր։ Մենք բավական հեռու նստած էինք խաղացողներից։ Մեր խոսակցությունը ոչ ոք չէր խանգարում։

— Մի՞թե նրանք մեղավոր են, որ դժբախտ են,— հարցրեց նա։

— Իհարկե մեղավոր են,— պատասխանեցի ես։

— Այդ դժբախտներից մեկն էլ դուք եք. ասացեք խնդրեմ, դո՞ւք եք մեղավոր, որ ձեզ այստեղ ուղարկեցին։

— Ապա ո՞վ է մեղավոր. ես հանցանք գործեցի, դրա համար էլ ուղարկեցին ինձ այստեղ պատժվելու։

Նա ոչինչ չպատասխանեց, միայն հետաքրքրվեցավ իմ անցյալով, խնդրեց մանրամասնաբար պատմել իմ կյանքի պատմությունը։ Ավազակապետից լսել էի, որ նա սովորություն ունի յուր բոլոր ծանոթների կյանքը ուսումնասիրելու, այդ պատճառով ես ամեն ինչ պատմեցի նրան։ Ես պատմեցի, թե ո՛րպես երեխա ժամանակս հորից զրկվելով՝ մնացի աղքատ մոր խնամատարության ներքո, թե ո՛րպես նա հանձներ ինձ մի դարբնոցում արհեստ սովորելու, և միշտ խրատում էր, որ խաչագողների ճանապարհով չգնամ, մի բան սովորեմ և իմ արդար աշխատանքով ապրեմ։ Պատմեցի աղետավոր բանալիի անցքը, իմ վարպետի դարբնոցի հետ պատահած դժբախտությունը և իմ փախուստը այնտեղից։ Պատմեցի, թե ո՛րպես այնուհետև թափառական կյանք էի վարում և ո՛րպես միացա մի խումբ մանկահասակ սրիկաների հետ, որոնք ինձ պես փախստականներ էին, և սկսեցի նրանց հետ մանր գողություններ անել։ Պատմեցի, որ իմ երկրում ես հալածվեցա, տանջվեցա, փախստական եղա օրենքի և դատաստանի երեսից, և այն մարդը, որ խաբել էր ինձ՝ անմեղիս, և ես նրա թելադրությամբ ակամա ու անգիտակցաբար հանցանք էի գործել,— կրկին նույն մարդը մոտեցավ ինձ, և ես նրա առաջնորդությամբ, թողեցի իմ հայրենիքը, հեռացա դեպի օտար աշխարհներ և մտա խաչագողների հասարակության մեջ։ Այստեղ ես դարձա՝ մի կատարյալ եղեռնագործ, սովորեցի ամեն չարիքներ գործել, սպանություն, գողություն, բազմատեսակ խաբեբայություններ, որոնցով ահագին գումարներ էինք ձեռք բերում, սովորեցի ուրիշի վաստակով ապրել։ Վերջապես, բռնվեցա և աքսորի դատապարտվեցա։