Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/585

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Այդ բոլորը շատ հետաքրքրական է,— ասաց նա, երբ ես վերջացրի։— Հիմա տեսնո՞ւմ եք, որ դուք սկզբից անմեղ եք եղել և արդար, բայց ձեզ հանցանքի մեջ ձգեցին այն հանգամանքները և այն կենսական պայմանները, որոնցով, սկսյալ մանկությունից, շրջապատված եք եղել։ Եթե այն հանգամանքները և այն պայմանները ձեզանից հեռացնեին կամ իսպառ չլինեին, դուք, անտարակույս, կմնայիք ձեր անմեղության մեջ և գուցե շատ օրինավոր մարդ կդառնայիք։ Ընտանիքի մեջ ոչինչ չսովորեցաք, ընտանիքը լավ չկրթեց ձեզ։ Ձեր վարպետի դարբնոցում կարող էիք արհեստ սովորել, և դա ձեր արդար ապրուստի հիմքը կլիներ, բայց անիրավացի պատճառներ այնտեղից ևս հալածեցին ձեզ։ Ձեր պատանեկության փոքրիկ, սրիկա ընկերները սովորեցրին ձեզ գողությամբ ապրելու նախակրթությունը, իսկ խաչագողների ընկերությունը բոլորովին կատարելագործեց ձեր մեջ այդ արհեստը և դարձրեց ապրուստի միակ միջոց։ Այդ բոլորը — ընտանիքը, սրիկա ընկերները, խաչագողները, մի խոսքով, այն ամբողջ մթնոլորտը, որի մեջ ծլեցին, աճեցին և հասունացան ձեր ընդունակությունները, կոչվում է հասարակություն: Եթե այդ հասարակությունը, կամ, որպես ասեցի, այդ մթնոլորտը, մաքուր լիներ, առողջարար լիներ և ձեզ վրա բարերար ազդեցություն գործեր, տարակույս չկա, որ ձեր ընդունակությունները կզարգանային դեպի բարին, դեպի լավը և դեպի օգտավետը։ Բայց եթե դուք դարձաք մի չարագործ, դուք ծնունդ եք նույն մթնոլորտի, այլ խոսքով, նույն հասարակաթյան, որը յուր միջից արտադրել է ձեզ։

Ես նրա բացատրությունները հասկանալ չէի կարողանում։ Նա շարունակեց, ձեռքը մեկնելով դեպի զվարճացող բազմությունը, որ խաղում էր բակի մեջ։

— Տեսնո՞ւմ եք այդ թշվառներին, դրանք նույնպես՝ հասարակության հիվանդոտ կազմվածքի արտադրած վերքերն ու պալարներն են, որ կտրել և այստեղ են ձգել, այն մտքով, որ կազմվածքը բոլորովին չվարակվի։ Բայց ո՞րտեղից առաջ եկան այդ վերքերը, այդ թարախալից պալարները,— հայտնի բան է, նույն կազմվածքի հիվանդոտ դրությունից։ Եթե մարմինը առողջ լիներ, դրանք չէին լինի։ Քննեցեք դրանց յուրաքանչյուրի կյանքի պատմությունը և դուք կտեսնեք, որ դրանց գործած հանցանքների արմատը դրած է եղել այն հոգի մեջ, որից դրանք բուսել, աճել և զարգացել են։ Յուրաքանչյուրի հանցանքի ձևը, տեսակը, որպիսությունը տեղային բնավորություն ունի։ Եվ այդ կետից նայելով, այդ թշվառների ամեն