Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/586

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեկի կյանքի պատմությունը նույն հասարակությունների մտավոր, բարոյական և հոգեկան հիվանդության պատմությունն է, որոնց միջից դուրս են եկել դրանք։ Այստեղ, այդ արգելանոցի մեջ, կարելի է ուսումնասիրել այն բոլոր կրթական, տնտեսական և հասարակական պայմանները, որ առաջ են բերել այս տեսակ հրեշներ։

Վերջացնելով յուր խոսքը, նա կրկին դարձավ դեպի ինձ, հարցրեց.

— Հիմա հասկացա՞ք, թե ով է մեղավորը, որ դուք, ես և այդ բոլոր թշվառները այստեղ բերվեցան։

— Ճմարիտն ասած, շատ փոքր հասկացա,— պատասխանեցի ես, ամաչելով իմ տգիտության վրա։— Դուք բոլորովին նոր բաներ եք խոսում։

Նրա սառն դեմքի վրա երևաց մի թեթև ժպիտ։

— Ձեզ այսպես է թվում,— ասաց նա,— բայց իմ խոսքերը նոր չեն, խելացի մարդիկ այսպես են մտածում։ Հիմա ես կխոսեմ ձեզ հետ ավելի պարզ կերպով, հենց ձեր լեզվով, որ դուք հասկանաք։ Ես իբրև օրինակ կվեր առնեմ հենց ձեր անձնավորությունը, որովհետև դա ավելի մոտիկ և ավելի ծանոթ է ձեզ։ Ասացեք, խնդրեմ, դուք ինչո՞ւ սկսեցիք գողանալ, երբ ձեր պատանեկության հասակում ընկերացաք այն մանկահասակ սրիկաների հետ։

— Մենք քաղցած էինք մնում, այդ պատճառով գողանում էինք, որ սովից չմեռնենք։

— Շատ լավ։ Բայց մի՞թե չէիք կարող դուք, կամ այն մանկահասակ սրիկաները, ձեր աշխատանքով հաց վաստակել և չգողանալ։

— Մենք ոչինչ չէինք սովորած։

— Տեսնո՞ւմ եք, այստեղ կան պատճառներ, որ մարդուն անբարոյական են դարձնում, այն աշխատանքին անսովոր և անընդունակ լինելը։

Եվ նա սկսեց երկար բացատրել, թե ի՛նչ բան է հացի խնդիրը մարդկային հասարակության մեջ, թե ինչո՛ւ մարդիկ հացի համար անբարոյական են դառնում, ասաց, որ ոչ միայն մի անհատը, գործելու անընդունակ լինելով և արդար աշխատանքի սովորած չլինելով, դառնում է գող, ավազակ, խաբեբա, այլ մի ամբողջ ժողովուրդ կարող է այսպես դառնալ, եթե աշխատանքի սովորած չէ։ Նա օրինակ բերեց մի քանի ցեղեր, որ պարապում են ավազակությամբ և կողոպտում են իրանց հարևաններին։ Ես հարցրի.

— Կան մարդիկ, որոնք աշխատանքի սովոր են, որոնք ընդունակ