Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/588

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տվել է մարդկությանը երկու ամենավսեմ և ամենաբարձր կյանքեր, որոնք բարոյականության հիմունքն են կազմում։ Բայց ինչո՞ւ բարոյապես փչացան հրեաները։ Եթե նրանց ազատ ասպարեզ տային գործելու, եթե նրանց չհալածեին, նրանք երբեք ստիպված չէին լինի խաբեբայությամբ ապրել։ Հրեան ցեղական հարուստ ձիրքեր ունի, նա խելքի, իմաստության, գիտության, ճարտարության և գեղարվեստի ասպարեզում հանդես է բերել ամենանշանավոր հանճարներ։ Օրինակ, Գերմանիայում նրա դրությունը փոքրիշատե ապահով է եղել, և նա միշտ նշանավոր և օգտավետ է հայտնվել մարդկային գործունեության ամեն ճյուղերում։ Իսկ մահմեդական աշխարհում նրան ճնշել են, նա դարձել է վնասակար։ Սկսյալ Եգիպտոսի փարավոնների օրերից, աշխարհի երեսին ցիրուցան եղած այդ ազգը հալածվում է։ Հալածանքը սովորեցրեց նրան խաբեբա լինել, խորամանկ լինել, նենգավոր լինել։ Այդ հատկությունները, որ առաջ եկան նեղված կյանքի անխուսափելի անհրաժեշտությունից, դարձան բնավորություն և ժառանգաբար անցան սերունդից սերունդ։ Միայն դժբախտ դրության բարեփոխությունը կարող էր մաքրել այդ վատ հատկությունները։ Եվ որտեղ նրանց դրությունը բարեփոխվեցավ, այնտեղ նրանք լավացան։ Իսկ Պարսկաստանում և առհասարակ մահմեդական աշխարհներում նրանց դրությունը դեռ յուր աննախանձելի պայմանների մեջ է գտնվում։ Նրանց կայքը հափշտակվում են, նրանց բարբարոսաբար չարչարում են, նրանց ամեն կերպ հարստահարում են, նրանք էլ սովորեցին իրանց զենքով՝ խելքով հարստահարել իրանցից ավելի միամիտներին։ Այդ դեպքում խաչագողի նշանակությունը հրեայից ոչնչով չէ զանազանվում, տարբերությունը միայն նրանց գործունեության եղանակի մեջն է։

— Հիմա հասկացա՞ք,— շարունակեց նա,— որ մահմեդականությունը ինքն է մեղավոր, որ պատրաստում է յուր միջից անպիտան մարդիկ։ Եվ Պարսկաստանի նման երկիրը միայն կարող էր արտադրել խաչագողներ։ Որպես չէ կարելի մի վատ, անարգավանդ հողից առողջ և պտղաբեր բույսեր սպասել, այնպես էլ չէ կարելի մի անբարեկարգ երկրից սպասել լավ մարդիկ։ Վատ հողը կարելի է մշակել և պտղաբեր դարձնել, նույնպես և մի անբարեկարգ երկիր, որպիսին է Պարսկաստանը, հասարակական կազմակերպությունը կարելի է այնպիսի պայմանների մեջ դնել, որ եթե վատերը, անբարոյականները բոլորովին չսպառվեին, գոնե նրանց թիվը համեմատաբար շատ փոքր լիներ։